կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-17 18:26
Իրավական

Մազերիցդ կբռնեմ, կգցեմ քացուս տակ. ոստիկանը` ամբաստանյալի կնոջը

Մազերիցդ կբռնեմ, կգցեմ քացուս տակ. ոստիկանը`  ամբաստանյալի կնոջը

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից ապրիլի 19-ին փախուստի դիմած և 15 օր անց հայտնաբերված` 52-ամյա ամբաստանյալ  Արմեն Կաբալյանի կինը` Մերի Մխիթարյանը, նամակ է գրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և իր վրդովմունքը հայտնել ոստիկանների վերաբերմունքի վերաբերյալ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալի կինը հայտնեց, որ հիասթափված է մեր երկրի ոստիկանական համակարգից: Բացի այդ` նա պատմեց, թե ինչպես են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներն իր և 8-ամյա որդու նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել և սպառնացել:

 

Նշենք, որ Արմեն Կաբալյանի նկատմամբ ներկայումս 2 քրեական գործ է հարուցված` ՀՀ ՔՕ 355-րդ հոդվածի 1-ին մասով և 139 , 175-րդ հոդվածների 2-րդ մասով: Արմեն Կաբալյանը մեղադրվում է դանակի գործադրմամբ քաղաքացի Կարինե Մելիքսեթյանի վրա հարձակվելու և նրանից ոսկյա շղթա, մատանիներ հափշտակելու, ինչպես նաև,  նույն եղանակով անչափահաս Ա. Ե-ի վրա հարձակվելով, նրանից 8000 դրամ հափշտակելու և վերջինիս կամքին հակառակ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:

 

Այս գործը շուրջ մեկ տարի գտնվել է նախաքննական մարմնի վարույթում և արդեն մեկուկես տարուց ավելի է` քննվում է Աջափնյակի դատարանում: Կաբալյանի կնոջ խոսքով` այս գործով մինչ այժմ 38 նիստ է գումարվել, որից ընդամենը 8-ն է կայացել: Ըստ նրա` դատարանը մինչ օրս վճիռ չի կայացրել, որովհետև իր ամուսնու դեմ բավարար ապացույցներ չունի:

 

«Տուժող Կարինե Մելիքսեթյանը երկու տարի է` չէր ներկայանում դատարան, նոր միայն ներկայացել է և պնդում է, որ նախաքննական մարմնին տված ցուցմունքում դրված ստորագրությունն իրենը չէ, իսկ մեղադրյալի վերաբերյալ նշում է, որ չի կարող ասել` նա՞ է իր վրա հարձակվել, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Մերին և հավելեց, որ սեռական  բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքը ևս չեն կարողանում հիմնավորել, քանի որ բոլոր փորձաքննությունների պատասխանները «մաքուր» են:

 

Կնոջ խոսքով` քննչական մարմինը մեղադրական եզրակացություն է կայացրել` հիմնվելով այն փաստի վրա, որ իր ամուսինը նախկինում դատվածություն է ունեցել: «Բայց դա անցել-գնացել է, մարդը վերադարձել էր բնականոն կյանքին, տաքսի ծառայություններից մեկում աշխատանքի էր տեղավորվել, այն էլ` մեկ ամիս անց ձերբակալեցին»,- պատմեց նա:

 

Ի դեպ, Կաբալյանը, նախկինում  դատապարտվելով 11 տարվա ազատազրկման, պատիժը կրելու ընթացքում ևս փախուստի է դիմել: Փաստորեն, ապրիլի 19-ի փախուստը, ամբաստանյալի քրեական կենսագրության մեջ առաջին դեպքը չէր: Իսկ թե ինչպես է հաջողվել նրան մոլորեցնել ոստիկաններին և դատարանի մեկուսարանից փախչել, կպարզի նույն` Աջափնյակի դատարանը` դատավոր Վարդան Աբրահամյանի վարույթում գտնվող գործի շրջանակներում:

 

Սակայն տեսնենք, թե ինչպես են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները մինչ գործի` դատարան հասնելը, վերաբերվել Կաբալյանի կնոջն ու նրա 8-ամյա որդուն:

 

«Միայն լսեիք, թե Մաշտոցի բաժնի աշխատակիցներից մեկը, անունը Հովո էր, իմ հասցեին ինչպիսի հայհոյանքներ էր հնչեցնում, ամաչում եմ հիմա բարձրաձայնեմ դրանք: Ասում ա` մազերիցդ կբռնեմ, կգցեմ քացուս տակ»,- պատմեց ամբաստանյալի կինը եւ հավելեց. «Այդքան քարոզում ա մեր ոստիկանապետը, ասում ա`դուք մսագործ չեք, բայց ոչ մի բան չի ազդում դրանց վրա, ոստիկանների մեջ ոչ բարոյականությաուն կա, ոչ խիզախություն»:

 

Ի դեպ, տիկին Մերիի խոսքով` եթե իր ամուսինը փախուստի չդիմեր, գործն ավելի արագ կփակվեր, սակայն, ըստ նրա, գործը ձգձգելով` այնքան էին «դավադիտ» արել, որ ամուսինը չի դիմացել և որոշել է փախչել:

 

«Լավ, համարենք` ամուսինս հանցանք է գործել, դատե’ք այդ մարդուն, ես կամ իմ 8-ամյա տղան ինչո՞վ ենք մեղավոր, որ մեզ դարձրել եք հոգեկան հիվանդ»,- բողոքեց կինը:

 

Մեզ հետ զրույցում նա նշեց նաև, որ իր ընտանիքն այժմ գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, և ինքը ստիպված է միայնակ հոգալ ոչ միայն որդու, այլև ամուսնու հիվանդ մոր կարիքները: Բացի այդ` նա պատմեց որդու ապրումների մասին. «Երեխեն նորմալ չի կարողանում դպրոց հաճախել, նյարդային է դարձել: Բա իմ երկրի համար զինվոր եմ մեծացնում, որ ինքը հիմա ոստիկանից վախենա՞: Ես շատ եմ հարգում ոստիկանապետին, եթե մեր ոստիկանների կեսի կեսը նրա բարոյականությունը ունենային և նրա քարոզչությունն ազդեր նրանց վրա...Բայց դրանց վրա չի ազդում ոչ մի բան, դրանք մարդ չեն»:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ