Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, կայացավ ամբաստանյալի կողմից դատական նիստերի դահլիճում մեղադրանքը պաշտպանող դատախազի ուղղությամբ ջրով լի պոլիմերային շիշ նետելու, դատախազին հայհոյելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին:
Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը պլաստիկ շիշ էր նետել մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանի ուղղությամբ, հայհոյել նրան: Պատճառը մեղադրական ճառն էր. դատախազն ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի համար պահանջել էր 15, իսկ նրա կնոջ` Ալլա Մախովայի համար` 10 տարվա ազատազրկում:
Այսօրվա նիստին չէր ներկայացել տուժող դատախազը` Վիգեն Միլիտոնյանը, ով դատարանին ուղարկած գրությամբ հայտնել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստերին: Նա նշել էր, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը և հայտնել, որ եթե դատարանը որոշի արագացված դատաքննություն իրականացնել, ինքը չի առարկի:
Նշենք, որ այս գործում, որպես վկա, ներգրավվել են նաև Կենտրոնի դատարանի կարգադրիչները:
Այսօրվա նիստում դատավորն ամբաստանյալ Արթուր Պետրոսյանից ճշտեց նրա անձնական տվյալները: Վերջինս հայտնեց, որ 35 տարեկան է, խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա, 8-ամյա կրթություն ունի, մնացածն էլ ինքնակրթությամբ է լրացրել, սակայն բնակության հասցեն նրան հուշեց դահլիճում նստած մայրը` տիկին Լալան: Ամբաստանյալի խոսքով` ինքը չի հիշում բնակության վայրը, քանի որ այնտեղ չի հասցրել բնակվել` կալանքի տակ գտվելու պատճառով:
Ա. Պետրոսյանը նախ նշեց, որ ինքը նախկինում 6-7 անգամ դատապարտված է եղել, հետո ինքն իրեն ուղղեց` ասելով, թե 4 անգամ է դատապարտվել: «Մենք կհաշվենք, մի' անհանգստացեք»,- ասաց դատավոր Պողոսյանը:
Ամբաստանյալի պաշտպան Վարդան Մելքոնյանը, ով գործի նյութերը ստացել էր նիստից րոպեներ առաջ` դրանց ծանոթանալոււ համար, միջնորդեց հետաձգել նիստը:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Հարությունյանն էլ հայտնեց, որ ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի մասնակցությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ գործ էլ է քննվում, և առաջարկեց այս նիստը մեկ ամսով հետաձգել:
Հաջորդ նիստի օրվա նշանակման հետ կապված` դատավորը կարծիք հարցրեց նաև ամբաստանյալից, ով պատասխանեց, որ իր համար միևնույն է: «Իմ համար բոլորովին մեկ ա` ինչ կանեք, ոնց կլինի, կարաք էսօր էլ դատեք»:
Այսպիսով` դատարանը որոշեց այսօրվա դատական նիստը մեկ ամսով հետաձգել և նշանակել նոյեմբերի 25-ին:
Նիստի ավարտից հետո ամբաստանյալի մայրը` տիկին Լալան, միջանցքում գտնվող լրագրողներին զգուշացրեց. «Ինձ չնկարեք, հա: Սաղ ձեր արածն էր, որ տղուս վրա թազա գործ բացեցին. մեր կռիվը տարաք` ինտերնետ գցեցիք, հիմա էլ տղուս դատում են»:
Ի դեպ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրող այս կալանավորի նկատմամբ անկախության 22-ամյակի առթիվ ընդունված համաներումը չի կիրառվել: Այն հոդվածները, որով նա ազատազրկման է դատապարտված, բացակայում է համաներման ցուցակից:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ