Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, կայացավ կաշառակերության մեջ մեղադրվող օպերլիազորների գործով դատական նիստը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 11-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, նույն վարչության աշխատակիցներ Գևորգ Գևորգյանի և մյուսների հետ, Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Դավիթ Եդիգարյանին:
Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Գևորգ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի միջնորդության համար:
Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց գործով տուժող, մասնագիտությամբ ատամնաբույժ Դավիթ Եդիգարյանը: Նա դատարանին հայտնեց, որ 2012-ի դեկտեմբերի 12-ին իր աշխատավայր են եկել (ատամնաբուժարան) երկու ոստիկաններ և տեղեկացրել, որ ինքը կասկածվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ և պետք է բերման ենթարկվի: Տուժողն այդ ժամանակ պնդել է, որ նման բան չկա, սակայն ոստիկաններից տեղեկացել է, որ ինչ-որ մեկն իր դեմ ցուցմունք է տվել, եւ եթե նրան տանեն փորձաքննության և հաստատվի թմրանյութ օգտագործելու հանգամանքը, ապա հնարավոր է` նրա համար լուրջ խնդիրներ առաջանան: Մասնավորապես, ըստ տուժողի, ոստիկաններն իրեն ասել են, որ կզրկվի ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, ստուգումներ կանցկացվեն աշխատավայրում, տուգանքներ կսահմանվեն և այլն:
Դրանից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` բացատրագիր գրելու: Այդ ընթացքում նա մոտեցել է Էդուարդին և հարցրել, թե ինչպե՞ս կարելի է այս հարցին լուծում տալ: Քննիչը պատասխանել է, որ դեպքեր են եղել` 5000 դոլարով հարցը լուծվել է, եղել է` զանգով: Դավիթն ասել է, որ չի կարողանա այդքան մեծ գումար վճարել և փորձել է սակարկել:
Հետո` ժամը 18:00-ի սահմաններում, գնացել են տոքսիկաքիմիական փորձաքննության: Ըստ տուժողի` ճանապարհին Էդուարդն իրեն ասել է. «Դուխդ մի' գցիր, 2000 դոլարով կլուծենք այդ հարցը»: Դավիթի խոսքով` քննչական գործողություններն ավարտելուց հետո իրեն ազատ են արձակել, որպեսզի բերի նախանշված գումարը: Քրոջ նշանածի` գործով վկա Խաչատուր Մարուքյանի հետ, ում հետ, ինչպես պարզվեց, տուժողն այլևս առնչություն չունի, ձեռնամուխ են եղել գումարը ճարելուն: Ծանոթներից և ընկերներից նրանց հաջողվել է հայթայթել մոտ 400 հազար դրամ:
Իմանալով, որ ոստիկանները գումարն առձեռն չեն վերցնում` պայմանավորվել է նրանց հետ այն թողնել բենզալցակայանում: Սակայն իրենց մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ժամանել են ոստիկանները և նրանց բերման ենթարկել:
Պաշտպանական կողմի հարցին` արդյո՞ք քննչական գործողություներ կատարելու ընթացքում իրեն տեղեկացրել են, որ եթե թմրանյութ ունի և այն ներկայացնի բաժին, կազատվի քրեական պատասխանատվությունից, տուժողը պատասխանեց, որ չի հիշում: Փոխարենը նշեց, որ իրեն ասել են, որ վերևից է եկել հրամանը, և իրեն պետք է անպայման փորձաքննության տանեն:
Իսկ թե ինչո՞ւ է ստոմատոլոգը գումար առաջարկել կամ ընտրել քննիչների առաջարկած տարբերակը, նա նշեց, որ վախեցել է, խառնվել է իրար և, որպեսզի խայտառակ չլինի և համոզված լինի, որ գործից մաքուր է դուրս գալու, դիմել է այդ քայլին: Բացի այդ` նա դատարանին հայտնեց, որ ինչպես շատերը, ինքը ևս ժամանակին առիթ ունեցել է թմրանյութ փորձելու. «Երկու անգամ փորձել եմ բանակում, բայց դրանից հետո երբևէ չեմ օգտագործել»:
Ի դեպ, տուժողը դժվարանում էր պատասխանել պաշտպան Վարդուհի Էլբակյանի հարցադրումներին, քանի որ, ըստ տուժողի, նա մատչելի չի բացատրում: «Եթե ես իմ տերմինաբանությամբ խոսեմ, չեք հասկանա, այնպես որ`պարզ խոսեք»,- հայտարարեց Դավիթը:
Այսօրվա նիստին դատակոչված վկաներն իրենց ցուցմունքներում նշեցին, որ տարբեր խոսակցություներից լսել են, որ Դավիթին ազատելու կամ, ինչպես ոմանք բնութագրեցին, գործից մաքուր դուրս բերելու համար ոստիկանները պահանջել են 3000 ԱՄՆ դոլար:
Գործով վկա` ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակից Արման Մացակյանն իր ցուցմունքում նշեց, որ ինքն է կատարել Դավիթին վերաբերող բոլոր քննչական գործողությունները, բացի փորձաքննության տանելուց, որովհետև իրեն հարմար չի եղել: Նա նշեց, որ տուժողը հրաժարվել էր իրեն առաջադրված մեղադրանքից, իսկ նրա կողմից գումար առաջարկելու կամ դրանք քննիչներին փոխանցելու մասին տեղյակ չէ:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ոստիկանության աշխատակից Վահան Հակոբյանը, ով, պարզվեց, վիրահատվել է և այժմ ապաքինվում է: Դատարան չէր ներկայացել նաև տուժողի քրոջ նշանածը` Խաչատուր Մարուքյանը: Ըստ տուժողի` նա գտնվում է ՌԴ-ում: Դատավորը Մարուքյանի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացրեց, իսկ ամբաստանյալ, ատամնաբույժ Գևորգ Մարտիրոսյանը խոստացավ հաջորդ նիստին ապահովել գործով մեկ այլ վկայի` իր ընկեր Աշոտ Հարությունյանի ներկայությունը:
Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 16-ին:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ