Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոալիցիայի հնարավոր փլուզման եւ այդ համատեքստում քաղաքական իրավիճակի փոփոխության մասին «Երկիր»-ի հարցերին պատասխանել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆԸ:
- Պարոն Թեւանյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ նորից լարվեցին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, եւ հավանական համարո՞ւմ եք, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմինն իսկապես բեկումնային որոշում կկայացնի ԲՀԿ-ի մասով:
- Խոսակցությունները, որ ԲՀԿ-ի հետ կապված հարց է քննարկվելու, լուրերի մակարդակով են, այսինքն` պաշտոնապես որեւէ հանրապետական չի հայտարարում այն մասին, որ իրենք ԲՀԿ-ին վերջնագիր են ներկայացրել: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի հետ որոշակի լարվածություն առաջացավ Ծառուկյանի վերջին հարցազրույցից հետո, երբ նա հստակ հայտարարեց, որ ընտրություններին կա՛մ կմասնակցի միայնակ, կա՛մ կնպաստի հանրային լայն կոնսոլիդացիային: Բացի այդ, նա հայտարարեց, որ նախագահական ընտրությունների թեկնածության հետ կապված հարցին իրենք կանդրադառնան խորհրդարանական ընտրություններից հետո, ինչն էլ նախագահական նստավայրի մոտ ռեակցիա առաջացրեց: Ես կուզենայի շեշտել, որ հակասությունները, եթե այդպիսիք կան, առկա են ոչ թե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, այլ նախագահական նստավայրի ու ԲՀԿ-ի միջեւ, որովհետեւ Հանրապետական կուսակցությունն ինքն էլ անորոշ վիճակում է հայտնվել, որը նույնպես նախագահականի նախաձեռնությամբ է տեղի ունեցել:
- Ի՞նչ հնարավոր սցենարներ եք կանխատեսում:
- Եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, կարծում եմ, քաղաքական դաշտի մի նոր կոնֆիգուրացիա կստեղծվի, որից ԲՀԿ-ն կա՛մ կշահի, կա՛մ, առնվազն, չի տուժի, իսկ Սերժ Սարգսյանը կմնա ՕԵԿ-ի եւ իրենց վաղեմության ժամկետը վաղուց սպառած քաղաքական ուժերի հույսին: Բայց խնդիրն այն է, որ արտաքին ու ներքին քաղաքական դաշտում գործող նախագահի եւ իր նեղ շրջապատի արձանագրած պարտություններն ու ձախողումները հանգեցրել են անկայունության մթնոլորտի, եւ երկրում բախումային իրավիճակն է՛լ ավելի է սրում այն հանգամանքը, որ խայտառակ տնտեսական եւ արտաքին քաղաքականություն իրականացրած թիմը ցանկանում է վերարտադրվել: Բնական է, որ այս հարցի հետ կապված տարբեր սուբյեկտներ իրենց տեսակետներն ունեն, մասնավորապես` ԲՀԿ-ն էլ ցույց տվեց, որ Ծառուկյանն իր անհամաձայնությունն ունի վարվող տնտեսական քաղաքականության առումով:
- Երկրում նման մի անկայուն իրավիճակ էլ ստեղծվել էր այս տարվա փետրվարին, երբ ԲՀԿ-ին փաստացի պարտադրեցին ստորագրել նոր հուշագրի տակ: Տարվա մեջ մի քանի անգամ հուշագիր ստորագրելը նորմա՞լ երեւույթ է:
- Դա շատ անլուրջ կլինի իշխանության կողմից. երկիրը, մի քանի ամիսը մեկ կոալիցիոն հուշագրեր ստորագրելով, ուղղակի անհնար է կառավարել, եւ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը շատ թույլ է, նախագահն էլ անվերապահ հեղինակություն չի վայելում իշխանության ներսում:
- Բայց չէ՞ որ կոալիցիայի փլուզմամբ վիճակը չի կայունանա:
- Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք եւ չխոսենք դեռեւս չեղած բանի մասին: Կարեւորն այն է, թե ինչպիսի՞ քաղաքականություն է վարվում, ի՞նչ արդյունքներ են արձանագրվում, եւ այդ արդյունքներն արձանագրողներն ի՞նչ են ուզում: Իրենք ուզում են վերարտադրվել, ինչը հնարավոր չէ. երկրի տնտեսությունն այս երկու-երեք տարիների ընթացքում մեկ քառորդով կրճատած, արտաքին պարտքը մի քանի միլիարդ դոլարով ավելացրած, արտաքին, այսպես ասած, ֆուտբոլային դիվանագիտությունը կատարելապես տապալած եւ Հայաստանի համար վտանգավոր իրավիճակ ստեղծած իշխանությունները պարզապես չպետք է վերարտադրվեն: Իսկ եթե ուզում են «ուժի զոռով» վերարտադրվել, ապա դա կարող է հանգեցնել, օրինակ, եգիպտական կամ ղրղզական պրոցեսներին:
- Վերադառնալով ԲՀԿ-ին. հավանակա՞ն է, որ այսօր էլ, ինչպես դա եղավ փետրվարին, նրան պարտադրեն ստորագրել հուշագիրը:
- Այն ժամանակ իրավիճակն այլ էր. ՀԱԿ-ը, որ հսկայական զանգվածներ ուներ իր հետեւում, փաստացի աջակցեց Սերժ Սարգսյանին, եւ ԲՀԿ-ին այլ բան չէր մնում, քան մի պահ ետ քաշվել` կարողանալու համար դիմագրավել փողոցի եւ վարչական ապարատի հարձակումները: Այսօր իրավիճակն այլ է. Տեր-Պետրոսյանն այլեւս այն զանգվածը չունի, իսկ իշխանության վարած քաղաքականությունն էլ ավելի է վարկաբեկվել: Փոխարենը, ԲՀԿ-ն այդ ընթացքում կարողացել է հաղթահարել այն շոկը, որն առաջացավ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո, եւ եթե հանկարծ ԲՀԿ-ի հանդեպ որեւէ ճնշում կիրառվի, ապա դա հակառակ էֆեկտը կտա: Կարծում եմ, որ եթե նման խնդիր դրվի` կոալիցիոն նոր հուշագրի, ապա ԲՀԿ-ն չի միանա դրան եւ առանձին կգնա, այլապես դա քաղաքական ինքնասպանություն կլինի:
- Ստացվում է` ԲՀԿ-ի համար շահեկան, իշխանության համար` ոչ շահեկան իրավիճա՞կ է ստեղծվել:
-Շահեկանն ու ոչ շահեկանը ժամանակը ցույց կտա: Այս ամենին մենք պետք է նայենք հասարակության տեսակետից. իսկ հասարակությունը դժգոհ է այսօր տարվող քաղաքականությունից: Կարծում եմ` կշահի այն ուժը, ով կգնա հասարակության հետ լայն համախմբման, իսկ Սերժ Սարգսյանն իր քայլերով ցույց է տալիս, որ պատրաստ չէ դրան, հակառակը` պատերազմ է հայտարարել հասարակության մեծամասնությանը: Եթե ԲՀԿ-ն չմիանա այս քայլին, բնականաբար, կշահի:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ