կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-21 18:37
Հասարակություն

Երկխոսության հրավեր` կառավարությանը

Երկխոսության հրավեր` կառավարությանը

Այսօր կառավարության շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիները կառավարության աշխատակազմի` քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին են հանձնել քննարկման հրավեր` ուղղված ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին:

 

Քննարկման հրավերում, մասնավորապես, ասված է. «Հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվում է, որ ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները հարուցել են հանրային դժգոհության և բողոքի մեծ ալիք՝ մանավանդ հասարակության կարևորագույն՝ միջին խավի շրջանում։ Համաձայն կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի ժամանակացույցի, հանրային իրազեկումը պետք է լիներ շարունակական, սակայն փաստորեն հանրությանը իրազեկվել է օրենքի ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս առաջ՝ այնինչ օրենքի մշակումը տևել է տարիներ։ Քանի որ օրենքը շոշափում է հասարակության լայն շերտերի շահերը, տրամաբանական կլիներ բացի հանրային իրազեկումից կազմակերպել նաև հանրային քննարկումներ և լսումներ, ինչը սակայն նախատեսված չի էլ եղել բարեփոխումների ծրագրում։

 

Ավելին, օրենքի պատասխանատուները խուսափել են և խուսափում են բացառապես բոլոր հրապարակային քննարկումներից՝ նախընտրելով պատասխանել միմիայն լրագրողների հարցերին։ Նման գործելաոճը չափազանց տարօրինակ է, քանի որ տրամաբանորեն կառավարությունն ինքը պետք է շահագրգռված լիներ պատասխանելու բողոքող բազմահազար քաղաքացիների հարցերին և այդպես, ինչ-որ տեղ նաև լրացնելով հանրային քննարկումների բացը, նպաստել հանրային լրացուցիչ իրազեկմանը։ Նույնիսկ ԱԺ-ում սույն օրենքի քննարկմանը ուղղված արտահերթ նիստը բոյկոտվեց խորհրդարանական մեծամասնության կողմից։ Այսինքն կարող ենք փաստել, որ հանրային իրազեկումը և քննարկումները բոյկոտվում են թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի կողմից, ինչը ոչ մի կերպ չի նպաստում հասարակության մեջ վստահության սերմանմանը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի նկատմամբ և դեռ մի բան էլ խորացնում է առկա կասկածները։

 

Միանգամայն ողջունելի կլիներ և դրականորեն կընկալվեր, եթե կառավարությունն ինքը նախաձեռներ երկխոսություն-քննարկում օրենքի դրույթներից բողոքող հազարավոր քաղաքացիների հետ, նպատակ ունենալով լույս սփռել շատ հարցերի վրա, որոնց պատասխանները առկա հանրային իրազեկումը չի տալիս, ինչպես նաև հասկանալ քաղաքացիների տեսակետը և փորձել գտնել կամ առաջարկել լուծումներ։ Քանի որ քննարկման կամ երկխոսության հրավեր երբևէ չի ստացվել կառավարության կողմից, ապա «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնությունը ինքն է կատարում մեկ քայլ ընդառաջ և հրավիրում պարոնայք նախարարներ Ա. Ասատրյանին, Դ. Սարգսյանին և Վ. Գաբրիելյանին կլոր սեղանի շուրջ հանրային երկխոսության-քննարկման, որի ընթացքում ակնկալում է ստանալ պատասխանները մի շարք հուզող հարցերի, որոնք հնարավոր է առաջացել են ոչ լիարժեք իրազեկման պատճառով, ինչպես նաև քննարկել օրենքի խնդրահարույց որոշ դրույթներ։ Հուսով ենք այս հրավերը կընկալվի որպես կառավարություն-հասարակություն երկխոսության հնարավորության դրական օրինակ և չի արժանանա հերթական անհասկանալի բոյկոտի։

 

Հարգանքով՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնություն» 

 

Նամակի բովանդակությունը` www.dem.am կայքից: Նշենք, որ www.dem.am կայքը ստեղծվել է «ՀՀ կենսաթոշակային համակարգի» մասին օրենքի վերաբերյալ համակողմանի տեղեկատվություն տարածելու և կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիներին համախմբելու նպատակով: