կարևոր
3511 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-24 13:53
Քաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում բանակցություններ անցկացնելու հրավեր են ստացել Շառլ Միշելից

Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում բանակցություններ անցկացնելու հրավեր են ստացել Շառլ Միշելից

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հրավեր է ուղարկել կողմերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ գործընթացին, և պետք է նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից առաջարկ կա՝ հյուրընկալել կողմերին Բրյուսելում։ Դա հնարավորություն է, եթե նրանք ընդունեն այն, բանակցել՝ շարունակելու այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում», - ասել է Նեդ Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ, ըստ իր տեղեկությունների, կողմերին հրավեր է ուղարկվել և հնարավորություն է տրվել Բրյուսելում հանդիպում անցկացնելու համար:

«Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանն իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», - ասել է Փրայսը՝ պատասխանելով հանդիպման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին:

Փրայսը հավելել է, որ խնդրին համապարփակ լուծում գտնելուն ուղղված բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին: