|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ այսօրվա նիստում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որը հանրության լայն շրջանակներ ընկալել էին որպես գենդերի մասին օրենք:
Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ օրենքում «գենդեր» բառը թյուրըմբռնման տեղիք է տվել: Նա նշեց, որ իրենք առաջարկում էին հանել այդ բառը, օգտագործել «սեռ» կամ այլ հոմանիշ բառ, բայց այդ առաջարկությունները չեն ընդունվել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրենք համարժեք օրենքում «գենդեր» բառի փոխարեն օգտագործել են «կանաց եւ տղամարդկանց իրավահավասարություն», որը, բնականաբար, կառավարությունը չի ընդունել, ուստի ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու ՕԵԿ-ականների հեղինակած օրենքի նախագծին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ առաջարկեց դեմ քվեարկել օրենքի նախագծին, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց փոխել տարընթերցում կամ առարկություն առաջացրած ձեւակերպումը: «Թող մտնի օրակարգ, քննարկենք, միասին լուծում գտնենք»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ Հեղինե Բիշարյանը համաձայնել է, որ օրենքի նախագծին դեմ քվեարկեն: Բիշարյանն, իր հերթին, հերքեց Արզումանյանի ասածը:
«Հեղինե Բիշարյանն ասել է` ձեր խղճով քվեարկեք: Եթե դեմ լինեի, ինչո՞ւ էի ասելու` քվեարկեք, կառավարությունը չի հանում «գենդեր» բառը, ի՞նչ հանձնաժողովի մասին է խոսքը»,- նշեց Բիշարյանը:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հիշեցրեց, որ նախագծի հեղինակը միայն Բիշարյանը չէ, նաեւ` ինքն է: «Ինձ համար զարմանալի է, որ փոփոխության նախագիծը կառավարությունը հետ է կանչում, որտեղ «գենդեր» բառը փոխարինվում էր կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության տերմինով»,- նշեց նա եւ հավելեց. «Ինչ ուզում եք «գենդերի» փոխարեն դրեք, միայն ընդունելի լինի հասարակության համար»:
Քննարկումից փոքր-ինչ բարկացած Վարդան Այվազյանն էլ հայտարարեց. «Կառավարության հետ խոսեք` կա'մ հանում ենք, կա'մ քվեարկում»: Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց, թե ինչու է ամեն ինչ կառավարության վրա գցվում. «Կառավարությունը ինչ նայում է ձախողում է, եթե կոալիցիոն ՕԵԿ-ը չի կարողանում կառավարության հետ համաձայնության գալ, արդեն տարակուսելի է»:
Ի վերջո, օրենքի նախագիծը հանվեց օրակարգից: