Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում են այն օրենքների նախագծերը, ըստ որոնց՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի խոսքով՝ մեր քրեական օրենսգրքում չկա այնպիսի հանցագործության տեսակ, որի համար պատիժ սահմանված չլինի: «Ինձ համար անհայտ է այս ձևակերպումը. ի՞նչ է նշանակում՝ քրեական ենթամշակույթ, ի՞նչ է նշանակում՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում: Նախագծում կան գնահատողական կատեգորիաներ, որոնք վերապահված են քննչական մարմնին: Եթե այսօր «Իմ քայլն» է իշխանության, վաղն այլ կուսակցություն կլինի իշխանության, այս դեպքում քննչական մարմինը ո՞նց է օգտագործելու այդ գործիքը, որպեսզի X մարդուն համարեն այդ ենթամշակույթը կրող և Y մարդուն չհամարեն»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա՝ ճիշտ չէ որոշելու լիազորությունը թողնել քննչական մարմնին: «Այդ գործիքը տանք նրանց, նրանք էլ, որպես մտրակ, ում պետք է կալանավորեն, ում պետք չէ՝ չէ՞»,- ասաց Ծառուկյանը, նաև հավելեց. «Կան նաև դաջվածքի տեսակներ՝ բնորոշող քրեական կյանքը, երբ մարդիկ դա արել են ձերբակալված տարիներին: Արդյո՞ք այդ դաջվածքներով մարդիկ համարվելու են քրեական ենթամշակույթը կրող: Եթե այդպես է, նախապես զգուշացնենք, որ մաքրեն»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը փաստեց, որ ՀՀ գլխավոր դատախազություն հարցում է արել՝ իմանալու, թե վերջին երեք տարում հանցավոր համագործակցության հոդվածով քանի՞ գործ է հարուցվել: «Ընդամենը 2 գործ է հարուցվել, և այդ ընթացքը տրամաբանական ավարտին չի հասել, այսինքն՝ քրեական օրենսգրքում գրվածը մենք չենք օգտագործում, մի հատ էլ մեռելածին հոդված ենք գրում»,- նշեց նա:
«Ձեր գրածով մենք ունենք երկու կարգավիճակ՝ մասնակից և բարձրագույն կարգավիճակ: Եթե բարձրագույն կարգավիճակը նշվել է, նշանակում է, որ միջին կարգավիճակ էլ կա, որը չեք նշել»,- շարունակեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ քրեականացվող վարքագծի կանոնների առումով՝ բնորոշման մեջ գրված է, որ «եթե դրանք չեն համապատասխանում պետության կողմից սահմանվածին»: «ՀՀ քաղաքացիները կարող են կատարել այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով, ոչ թե՝ ինչ համապատասխանում է օրենքին»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Քննարկումը շարունակվում է:
Նարա Մարտիրոսյան