Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում նախագահի տեղակալի ընտրության հարցն ընթացավ բուռն քննարկումներով:
Նշենք, որ հանձնաժողովի նախագահն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Բանն այն է, որ, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Հանձնաժողովի նախագահ Կոստանյանն առաջարկեց, որ հանձնաժողովը նախ որոշի, թե որ ուժն է ընդդիմադիր: Այս առաջարկն էլ դարձավ տարաձայնությունների ու բուռն քննարկումների առիթ:
Հանձնաժողովի անդամ` ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ չի կարծում, թե հանձնաժողովը պետք է որոշի` ՀՀ խորհրդարանում այս պահին ով է ընդդիմություն: «Այլ հարց, եթե մենք որոշենք, որ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի այն ուժի ներկայացուցիչը, որը դեմ էր հանձնաժողովը ստեղծելուն»,- ասաց նա:
Կոստանյանն առարկեց, որ, այո, իրենք չեն որոշողը` ով է ընդդիմություն, բայց հենքում պետք է ունենան, թե որ ուժն է ընդդիմություն, որ իրավաբանորեն սխալ չլինի հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նշեց, որ եթե հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից է, ապա, ԱԺ կանոնակարգով, տեղակալը պետք է լինի «Ծառուկյան», «Ելք» կամ ՀՅԴ խմբակցություններից: «Ենթադրենք, թե ՀՀԿ-ն ընդդիմություն է ապա, ըստ կանոնակարգի, նորից ստացվում է, որ տեղակալը պետք է լինի ԱԺ մյուս քաղաքական ուժերից: Ճիշտ կլինի հնարավորություն տալ, որ հենց մեր խմբակցության ներկայացուցիչը լինի հանձնաժողովի նախագահի տեղակալը»,- ասաց նա:
«Ես ուզում եմ հասկանալ` «Ելք» խմբակցությունն ընդդիմադի՞ր է, մենք կարո՞ղ ենք դիտարկել, որ ընդդիմադիր խմբակցություն է, որ դուք էլ առաջարկելու հնարավորություն ունենաք: Իսկ գուցե ՀՀԿ-ն՞ է ընդդիմադիր: Ես իմ կարծիքն ունեմ, բայց ձեզ լսելուց հետո կասեմ»,- արձագանքեց Կոստանյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով էլ` Հայաստանում ստեղծվել է ոչ սահմանադրական վիճակ, քանի որ դասական իմաստով ընդդիմություն գոյություն չունի: «Տրամաբանական կլինի, որ ՀՀԿ-ն չառաջադրի նախագահի տեղակալ: Ես կառաջարկեմ, որ նախագահի տեղակալ լինի կա'մ ՀՅԴ, կա'մ «Ելք» խմբակցության ներկայացուցիչը»,- ասաց նա:
Կոստանյանը կատակեց. «Հիմա` «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն չէ՞, պարո'ն Պետրոսյան»:
Պետրոսյանը պատասխանեց, որ խորհրդարանում ընդդիմադիր են, բայց կառավարության մեջ են, ապա կրկնեց, որ Հայաստանում դասական ընդդիմություն չկա:
«Ելք»-ից Աղազարյանն էլ ասաց. «Հաճելիորեն ընդունում եմ, որ Գևորգ Կոստանյանի իրավական գիտելիքները բազմակի անգամ գերազանցում են իմ իրավական գիտելիքները, և ես իր բացատրությունից եկա այն հետևության, որ հանձնաժողովը պետք է ինքնալուծարվի, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ ոչ սահամանդրական իրավիճակ է ստեղծվել այս հարցի կապակցությամբ»:
Կոստանյանն ասաց, որ այս հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ, քննիչ հանձնաժողովի նպատակն այլ է: «Քաղաքական նկատառումներից ելնելով` չեք ուզում արտահայտվել, թե ով է ընդդիմություն: Վստահ եմ` պարոն Պետրոսյանն էլ գիտի, դուք էլ գիտեք, պարո'ն Աղազարյան: Ժողովուրդ ո՞վ ա ընդդիմություն»,- հարցրեց Կոստանյանը:
«Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը, նշեց, որ երկրորդ կարծիք լինել չի կարող` կառավարություն կազմող ուժերն իշխանություն են, կառավարությունից դուրս ուժերը` ընդդիմություն: «Տվյալ դեպքում ՀՀԿ-ն ընդդիմություն է: Այլ հարց է, որ նոնսենս է` ՀՀԿ-ն մեծամասնություն է ԱԺ-ում` լինելով ընդդիմություն: Եվ եթե ՀՀԿ-ն հանձնաժողովի նախագահողն է, ուրեմն պետք է մյուս ուժերից նախագահի տեղակալը լինի, և ես կիսում եմ իմ գործընկերոջ կարծիքը, որ պետք է լինի կա'մ «Ելք», կա'մ ՀՅԴ խմբակցությունից»,- ասաց պատգամավորը:
Խնդրի լուծումը կարգավորվեց միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի շնորհիվ: «Իրավիճակը ստանդարտ չէ, բայց ոչ իրավական էլ չէ: Կոալիցիոն հուշագիր չկա ստորագրված, որի արդյունքում որևէ ուժի կառավարող կամ ընդդիմադիր համարենք: Ճիշտ կլինի, որ մենք ընդդիմադիր խմբակցություն համարենք նրանց, ովքեր ԱԺ ընտրման պահից իրենց համարել էին ընդդիմություն: Ազնիվ կլինի, որ «Ելք» խմբակցությունից առաջադրվի նախագահի տեղակալի պաշտոնը»,- առաջարկեց նա:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ մինչև նիստի մեկնարկը քննարկում է ունեցել Գևորգ Պետրոսյանի հետ, և քանի որ հանձնաժողովը պետք է բացառապես վերաբերի իրավական գործընթացների, ինքն առաջարկել էր, որ Պետրոսյանը լինի հանձնաժողովի նախագահը, բայց նա հրաժարվել էր ծանրաբեռվածության պատճառով:
Կոստանյանն առաջարկեց, որ «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը լինի հանձնաժողովի նախագահի տեղակալը, քանի որ նա մասնագիտությամբ իրավաբան է: Թեև Սիմոնյանը բացակայում էր, նա միաձայն ընտրվեց քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ: