կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-05 11:11
Քաղաքական

«Թան էլ չէ, փրթած մածուն». թեժ քննարկում՝ ԱԺ-ում

«Թան էլ չէ, փրթած մածուն». թեժ քննարկում՝ ԱԺ-ում

Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» հարցի քննարկման ավարտը թեժ ստացվեց: Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Ռուսաստանը մեր ձեռքից մեր ինքնիշխանությունն է տանում:

«Շատ պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ուզում են գլուխ գովալ, ասում են` մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռքիցդ կտանեմ: Հիմա` այս պայմանագրերով ՌԴ-ն մեր ձեռքից մեր ինքնիշխանությունը հատիկ-հատիկ տարել է, մենք էլ նայել ենք: Միջազգային ընդունված պրակտիկա ա, նորմալ ա»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Երեկվա քննարկումների արդյունքում ստեղ հայտարարություններ են հնչում: Արտաշես Գեղամյանը Կոմունիստական կուսակցության և «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ...»:

Այս խոսքերից հետո վիճաբանություն եղավ Գեղամյանի և Փաշինյանի միջև: Գեղամյանին դուր չեկավ, որ Փաշինյանը տվեց իր անունը, իսկ Փաշինյանն արձագանքեց. «Րոպես պահեք, ես էսքան զահլա չունեմ»: Հետո շարունակեց. «Արտաշես Գեղամյանն ասում ա` Արաքսը անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարո'ն Գեղամյան, Դուք դրա հետ ի՞նչ գործ ունեք, Դուք խոսեք լենինիզմից, մարքսիզմի մասին, Դուք էդ գաղափարների հետ ի՞նչ գործ ունեք»:

Նա անդրադարձավ ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, թե թուրքը չի փոխվել: «Մեկ ուրիշ հանրապետական էլ ասում ա` էդ ի՞նչ եք խոսում, ձեզ թվում ա` թուրքերը փոխվե՞լ են: Ո՞վ ա ստեղ թուրքերից խոսում, մենք ասում ենք, որ բոլորն են նույնը, մենք չենք ասում` թուրքերը փոխվել են, մենք ասում ենք ռուսներն էլ չեն փոխվել, եվրոպացիք էլ չեն փոխվել, ամերիկացիք էլ չեն փոխվել»,- շեշտեց նա:

Փաշինյանը վրդովված ավելացրեց, թե պետք չէ իրենց պատմության դասեր տալ, այլ պետք է իրենք պատմություն սովորեն: «Գրքեր կտամ կկարդաք, մի քիչ կրթական ցենզներդ բարձրանա»,- հավելեց նա:

«Հիմա եկել, ասում են` C 400-ը չի խփում «Իսկանդերը», Ռուսաստանի տիեզերաօդային ուժերը մեր տրամադրության տակ են լինելու: Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ, բա ո՞նց, հեսա օգտվելու եք: Էդ ի՞նչ մոդելի «Իսկանդեր» ա ձեզ վաճառվել և ի՞նչ մոդելի C- 400 ա վաճառել Թուրքիային, գնացեք էդ ճշտեք, նոր խոսացեք, ստեղ անհիմն հայտարարություններ անելու տեղ չի»,- եզրափակեց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց. «Դեռ 5 վայրկյան էլ ունեք»: Փաշինյանն արձագանքեց. «Ա, 5 վայրկյանը քեզ լինի»:

Պատգամավորի ելույթից հետո Գեղամյանը ցանկություն հայտնեց պատասխանել նրան, բայց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Գեղամյանին բացատրեց, որ կանոնակարգով նման բան չկա, որ ում անունը հնչեցնում են, պետք է պատասխանի:

Նշենք, որ այս քննարկումից հետո ԱԺ միջանցքում, ըստ Փաշինյանի, Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: