կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-06 12:21
Քաղաքական

Շանթը փորձում էր բռնի ուժով իշխանությո՞ւն տապալել. Հովհաննես Սահակյան

Շանթը փորձում էր բռնի ուժով իշխանությո՞ւն տապալել. Հովհաննես Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի համար «բավական բարդ է տրամաբանական մեկնաբանություն տալ մի երևույթի, որը դուրս է հենց տրամաբանությունից»: Yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով երեկ Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի ու նրա կողմնակիցների բախումը ոստիկանության հետ, նա կարծիք հայտնեց, որ Հայաստանում բոլորն անխտիր պետք է մի շարք հարցերում վերանայեն իրենց գործելաոճը:

 

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` եթե օրը ցերեկով մահակներով, ինքնաշեն պայթուցիկներով, բրոնզով ու «մարգանցովկայով» զինված գալիս են հրապարակ ու հանրության համար վտանգ ներկայացնում եւ այս ամենն անում են ժողովրդավարության քողի ներքո, ուրեմն յուրաքանչյուրն իր համար պետք է որոշ վերապահումներ անի: «Չեմ կարծում, որ մենք քարե դարում ենք ապրում, այսինքն` ի՞նչ, Շանթը փորձում էր բռնի ուժով իշխանությո՞ւն տապալել, թե՞ ուզում էր Լիբիա կամ Եգիպտոս սարքել: Անկեղծ եմ ասում` ես ինքս զարմացած ու զայրացած եմ, որովհետև վստահ էի, որ մենք կառուցում ենք մեր պատկերացումներին հարիր երկիր»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

 

Նրա խոսքով` աշխարհի ժողովրդավարական զարգացած երկրներում, որտեղ հաճախ է լինում ինքը, տեսել է, թե ինչպես են կազմակերպում իրական ժողովրդավարական փոփոխություններին միտված գործողություններ` հանրահավաքներ, երթեր, բողոքի ակցիաներ: Կազմակերպիչները նախապես հայտարարում են, որ կոնկրետ ժամանակահատվածի ընթացքում իրականացնելու են կոնկրետ գործողություններ, այլ ոչ թե օրը ցերեկով գալիս են ու փայտերով ձեռնամարտի բռնվում ժողովրդի կամ ոստիկանության հետ:

 

Հովհաննես Սահակյանի կարծիքով`Հայաստանում ընդդիմադիր գործողությունների համախմբում պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ կար հասարակության համախմբում, միայն այդ ժամանակ հնարավոր կլիներ տեղ հասցնել ընդդիմության գաղափարները:

 

Ըստ պատգամավորի` երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց 38 տոկոս ձայն, իշխանությունից ավելի շատ ընդդիմությունը սկսեց նրան քարկոծել, որովհետև բոլորը մտածում էին, որ հենց իրենք են ընդդիմադիր դաշտի շարժիչ ուժը: Հիմա էլ` քաղաքացիական հասարակության քողի տակ որոշ մարդիկ հետապնդում են կա'մ նեղ անձնական շահեր, կա'մ հատնի չէ, թե որ դեսպանատան կամ միջազգային կառույցի ջրաղացին են ջուր լցնում:

 

«Մենք իսկապես կողմնակից ենք, որ երկրի խնդիրներով մտահոգ քաղաքացիները կարողանան գաղափարապես իրական պայքար տանել, մասնակցել գործողությունների թե' կառավարման ոլորտում, թե' հանրության մեջ»,- նշեց Հովհաննես Սահակյանը: