կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 12:35
Առանց Կատեգորիա

Մեծ բյուջե` մեծ թալան

Մեծ բյուջե` մեծ թալան

Այս օրերին խորհրդարանում քննարկվում է 2014 թվականի պետբյուջեի նախագիծը: Աչքի ընկնող է այն, որ քննարկումները տեղի են ունենում գրեթե «պատգամավորազերծ» դահլիճում` լրագրողների ակտիվ ներկայությամբ: Պատգամավորների միայն մի փոքրիկ շրջանակ է մասնակցում տարվա գլխավոր փաստաթղթի քննարկմանը: Մասնակցելու իմաստ, կարծես, չկա, միեւնույն է` վերջում ընդդիմության` գումար նախատեսող խելամիտ առաջարկները չեն ընդունվելու կառավարության կողմից` «փող չկա» հայկական հայտնի տարբերակով: Իսկ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները չեն մասնակցում քննարկումներին, քանի որ, միեւնույն է, վերջում կոճակ սեղմելով, բյուջեն «սղղացնելու են»:

 

Բնականաբար, քննարկումների արդյունքում բյուջեն որոշ կոսմետիկ փոփոխությունների կենթարկվի եւ կընդունվի, սակայն` զուտ «պտիչկա» դնելու համար: Բյուջետային հատկացումները հաճախ լինում են անարդյունավետ ու անտեղի, ապա թույլ վերահսկողության եւ ոչ սրտացավ վերաբերմունքի արդյունքում պարզ է դառնում, որ բյուջեն պարզապես մսխվել է: Այստեղ կարեւոր է բյուջեով հատկացված գումարների եւ ստացված արդյունքների համադրությունը, որը ցույց է տալիս, թե որքանով էին արդյունավետ այդ հատկացումներն ու ինչ նպատակի են ծառայել: Վերահսկիչ պալատն իր հերթին, ՏՄՊՊՀ-ն` իր, պետեկամուտների կոմիտեն` իր, նախագահականի, վարչապետի վերահսկողական ծառայություններն իրենց հերթին, տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների վերստուգիչ հանձնաժողովները բազում խախտումներ են հայտնաբերում` «ատկատ», թալան, չարաշահումներ, ապացուցելով, որ մեր փոքրիկ երկրի բյուջեն, որն ավելի քիչ է, քան երկրի, քիչ թե շատ, խոշոր գործարարների եկամուտները, թալանվում ու մսխվում է մասսայաբար` դիզվառելիքից մինչեւ ուսման վարձ: Այդ թալանչիները ՀՀ տնտեսական աճին խոչընդոտող հիմնական վարակն են: 2013 թվականի բյուջեով կանխատեսվում էր 7 տոկոս տնտեսական աճ, 14 թվականի բյուջեով, որն ավելի շատ է, քան նախորդ տարվանը, 5.2 տոկոսի աճ: Այս տարվա ցուցանիշը կառավարությունը ձախողեց... Ստացվում է, որ պետբյուջեի շատ կամ քիչ լինելն արդեն ոչ թե հասարակության վրա անդրադարձով է պայմանավորվում, այլ թալանի հնարավորությամբ:

 

Պետության ու ազգի ապագայի վրա թքած ունեցող թալանչու համար էլ է միեւնույն` ինքը թալանում է գյուղացուց, երեխաներից, մանկապարտեզից, դպրոցից, թոշակառուներից, թե` պետբյուջեից: Ի՞նչ փույթ, թե այս ամենի արդյունքում այս տարի 20 հազարով ավելի շատ քաղաքացիներ կապեցին ճամպրուկները:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ