կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-14 13:21
Առանց Կատեգորիա

Թալան` Հայաստանի անբուժելի հիվանդությունը

Թալան` Հայաստանի անբուժելի հիվանդությունը

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության 2012թ. գործունեության ամենամյա հաշվետվությունը: Պատկերը սարսափեցնող է: Կառավարությունում` տարբեր գերատեսչություններում, ստուգումները հարյուրմիլիոնավոր դրամների բացթողումներ են արձանագրել, չարաշահումներ, «ատկատներ», թալան...

 

Թալան է ամենուր: Միայն քաղաքաշինության եւ պետական գնումների ոլորտում ՎՊ ուսումնասիրությունները 2012 թվականի բյուջետային միջոցների մոտ 70 միլիարդ դրամի չարաշահման փաստ են արձանագրել: Փոշիացվում են անգամ ուսման վարկերը: Նախորդ տարեվերջին ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը մայրաքաղաքի եւ մարզերի 13 դպրոցում եւ մշակութային 3 օջախում հայտնաբերել էր 670 մլն դրամի փոշիացում:

 

Մշտապես` Վերահսկիչ պալատն` իր հերթին, ՏՄՊՊՀ-ն` իր հերթին, Պետեկամուտների կոմիտեն, նախագահականի, վարչապետի վերահսկողական ծառայություններն իրենց հերթին, տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ռեւիզորները բազում խախտումներ են հայտնաբերում` միմյանցից տարբեր ու այլանդակ: Այս փոքրիկ երկրի բյուջեն, որն ավելի քիչ է, քան երկրի քիչ թե շատ խոշոր գործարարների եկամուտները, թալանվում ու մսխվում է մասսայաբար: Բոլոր բացահայտումների պարագայում աղմուկ է բարձրանում, սակայն հիմնականում խոշոր ձկները, ինչպես կասեր նախագահը, մնում են ջրի հատակում:

 

ԱԺ հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարում է, որ թալանչիների տեղը Սովետաշենն է: Սակայն հարց է առաջանում` ովքե՞ր են այդ թալանչիները: Այդ բացահայտումները հիմնականում կատարվում են պետական հիմնարկներում, պետական հիմնարկները, ինչպես գիտենք, կախված նրանից, թե որ կուսակցության անդամ է հիմնարկի ղեկավարը, մասսայաբար կուսակցականացվում են: Իսկ որ հիմնարկների ղեկավարները բացառապես իշխող կուսակցությունների ներկայացուցիչներ են, գաղտնիք չէ:

 

«Զարմացած եմ, որ գործ ունենք թալանչիների, յուրացնողների հետ։ Այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատախազություն։ Բյուջեի փողերը իրականում լափում են որոշ մարդիկ, եւ մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում։ Այդ չինովնիկներն ի՞նչ պատասխան են տալիս»,– վրդովված հայտարարում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ստացվում է, որ ԱԺ նախագահի խոսքն ուղղվում է առաջին հերթին սեփական կուսակցության անդամներին:

 

Մենք չենք զարմանում, պարո'ն Աբրահամյան, կառավարական մակարդակով այդ թալանի մասին տեղեկություններն ու բացահայտումները կային դեռ վաղուց, նույնիսկ այն ժամանակ, երբ Դուք փոխվարչապետ էիք... Քանի՞ հոգու եք պահանջել պատժել: Բացահայտվում էին ու մնում անպատիժ... Հասարակությունն իշխանությանը սերտաճած բիզնեսի խրախճանքին ուշադիր արդեն սկսում է առաջին հերթին պետության ամենավերին պաշտոնյաներին համարել ամենամեծ կոռուպցիոներներ, քանի որ այդ երեւույթն արմատախիլ չեն անում: Ու այսպես մեր խղճուկ բյուջեն դեռ էլի կթալանվի, նշված վերահսկողական կառույցները դեռ շատ բացահայտումներ կանեն, հետո կհիմնվեն այլ կառույցներ, որոնք կվերահսկեն վերահսկման գործառույթ իրականացնող այս կառույցներին, բայց, միեւնույն է, բյուջեի թալանը կշարունակվի: Որովհետեւ այդ թալանը նորանկախ Հայաստանի անբուժելի հիվանդությունն է:

 

ԵՐԿԻՐ