կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-10 11:38
Իրավական

Թալան, թալան մինչև վերջ

Թալան, թալան մինչև վերջ
Yerkir.am-ն այսօր բաց նամակ է ստացել Ամիրյան 4 շենքում բնակարաններ գնած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներից:

 

Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Թալան, թալան մինչև վերջ...

 

 

Փաստ 1.  2004թ. հուլիսի 23-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանը ՀՀ-ի անունից պայմանագիր կնքեց անհատ ձեռներեց Մելիք Գասպարյանի հետ, որով առանց աճուրդի ամիրյան փողոցից 5200 մ2 տարածք տրամադրեց նրան: Ըստ այս պայմանագրի Մելք Գասպարյանը պարտավորվում էր մինչև 2007թ. հունիսի 1-ը այստեղ կառուցել բազմաֆունկցիոնալ շենք: ըստ այս պայմանագրի 2007թ. հունիսի 1-ին շենքը շահագործման չհանձնելու դեպքում ՀՀ պարտավոր էր շենքը վերցնել կառուցապատողից (քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2): 2007թ. հունիսին շենքի տեղում միայն հիմքն էր գցված, սակայն ՀՀ-ն Մելիք Գասպարյանից չվերցրեց իր տրամադրած տարածքը: Ավելին, ՀՀ-ն հանձինս Երվանդ Զաքարյանի չկնքեց նոր պայմանագիր, որտեղ կամրագրվեր նոր ժամկետ: Ինչու: պատճառը պարզ է ցանկացած հայաստանցու: 2008թ. նոր միայն շենքի նախագիծն է հաստատվել։

 

 

Փաստ 2. 2009թ. ամռանը ՀՀ կառավարության երաշխավորությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանին Ամիրյանի 4 շենքի շինարարությունը ավարտելու համար տրամադրվեց 3 մլն. դոլար: 2009թ. աշնանը Մելիք Գասպարյանը դժբախտ պատահարի հետևանքով զոհվեց: Դրանից հետո ՀՀ կառավարությունը արգելանք դրեց նրա բանկային հաշիվների և ունեցվածքի վրա: Ամիրյան 4 շենքի շինարարությունը սառեցվեց: Ինչ էր եղել մի քանի ամիս առաջ ՀՀ կառավարության երաշխիքով Մելիք Գասպարյանին Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար տրամադրված 3 մլն. դոլարը, առայսօր մնում է հանելուկ: Հանելուկ է նաև, թե ինչու ՀՀ կառավարությունը չի հետևել, որպեսզի նպատակային տրված վարկը ծառայի իր նպատակին: Իսկ դուք ասում եք օտկատ:

 

Փաստ 3. 2009թ. Երբ Ամիրյան 4 շենքի 4/2, 4/3, 4/4 մասնաշենքերի շինարարությունը սառեցվեց, Ամիրյան 4/1 մասնաշենքի շինարարությունը վերսկսվեց աննախադեպ թափով: Մեկ տարվա ընթացքում վեր խոյացավ 7 հարկանի շենք: Պարզվեց, որ այն ունի նոր տեր և այդ տերը Մելիք Գասպարյանի ժառանգները չեն: Բայց ամենահետաքրքիրը այն է, որ առայսօր այդ տարածքների նախկին սեփականատերերը ՀՀ հետ կնքած պայմանագրեր ունեն Ամիրյան 4/1-ից, որտեղ արդեն գործում են հյուրանոց և խանութներ, առևտրային տարածքներ ստանալու մասին: Ինչպես է պատահել, որ զոհված պատգամավորը իրեն չպատկանող տարածքները վաճառել կամ նվիրել է մեկ ուրիշին' հանելուկ է:

 

Փաստ 4. ՀՀ կառավարության կողմից ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի հաշիվների և ունեցվածքի վրա արգելանք դնելուց հետո, նրանից նախկինում Ամիրյան 4-ից բնակարաններ պատշաճ գնորդների վճարները դատարանների որոշմամբ հաստատված հաշտության պայմանագրերով սկսեցին փոխանցվել պետական հաշվեհամարներին: Այդ հաշվեհամարներին կուտակվել է 4 մլն. դոլար գումար:

Փաստ 5. 2012 թ. Ամիրյան 4/4-ի մի հատվածը վաճառվեց 5 մլն. դոլարով: Ի դեպ այդ հատվածի միայն առաջին հարկի շուկայական արժեքը կազմում է 3 մլն. դոլար: Ամիրյան 4/4-ի վաճառված ամբողջ հատվածի շուկայական արժեքն է 10 մլն. դոլար: Ինչևիցե թող լինի 5 մլն. դոլար:

 

Այսպիսով 2009-2012 թ.թ. Ամիրյան 4 շենքից փաստացի օգուտը կազմել է 12 մլն. դոլար: Մելիք Գասպարյանի ՀՀ-ին և բանկերին պարտքը կազմում է 5.3 մլն դոլար: Ինչ է եղել մնացած գումարը: Եթե այդ գումարը առկա է, ապա ինչու շինարարությունը 4 տարի է ինչ չի ավարտվում»: