կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-31 18:05
Առանց Կատեգորիա

Մարիոնետի հույսը, կամ ինչպես կասի Մոսկվան

Մարիոնետի հույսը, կամ ինչպես կասի Մոսկվան

Երեկ Հայաստանում ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստից հետո ՌԴ Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Անատոլի Վիբորնին նշել է, թե ՀԱՊԿ-ի որևէ իրավական ակտում նշված չէ, որ դրա անդամները չեն կարող զենք վաճառել կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ երկրի: Հետևաբար` Ռուսաստանն իր գործողություններով ոչ մի ապօրինի բան չի անում, և դա ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտում չի կարելի համարել:

 

Դժվար է հավատալ, որ ՀԱՊԿ ԽՎ որևէ ներկայացուցիչ, այդ թվում` Պետդումայի սույն պատգամավորը ՀԱՊԿ-ի ԽՎ աշխատանքներին կարող էր մասնակցել` բացարձակապես տեղյակ չլինելով կազմակերպության ստեղծման հիմք հանդիսացող Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի դրույթներից: Իսկ դեռևս 1992թ. ստորագրված այդ պայմանագրի առաջին հոդվածի երկրորդ պարբերությունը հստակ սահմանում է. «Մասնակից պետությունները չեն մտնելու ռազմական միությունների մեջ կամ մասնակցություն ունենալու պետությունների որևէ խմբի, ինչպես նաև գործողությունների մեջ, որոնք ուղղված են պայմանագրի մեկ այլ մասնակից պետության դեմ»: Եթե Վիբորնին այդ տեսակետը հայտնում է ոչ անտեղյակության պատճառով, նշանակում է` նա կա'մ միտումնավոր կեղծիք է թույլ տալիս, կա'մ, որ շատ ավելի հավանական է, պարզապես պայմանագրի այդ դրույթը մեկնաբանում է յուրովի: Այնպես, ինչպես ամիսներ առաջ արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հայտարարելով, թե զինտեխնիկայի այդ գործարքը սովորական բիզնես է ու Հայաստանի դեմ ուղղված չէ: Այսինքն, ըստ ռուսների մեկնաբանության, Ադրբեջանին իրենք այդ տեխնիկան վաճառում են, որպեսզի դրանք կա'մ օգտագործվեն այլմոլորկայինների դեմ պատերազմում, կա'մ պարզապես ինչ-որ մեկի հավաքածուն հարստացնելու համար:

 

Եվ բնական է, որ ռուսները բացարձակապես չպետք է տեսնեին, թե ինչպես է այդ զենքը, օրինակ` կիրառվում ՀԱՊԿ անդամ Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, նույնիսկ միջպետական ճանապարհներով անցնող ավտոմեքենաները ազերիների կողմից շարունակաբար գնդակոծելու համար, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀԱՊԿ-ի կողմից անվերապահ հակազդման ենթակա` կազմակերպության անդամ պետության նկատմամբ ագրեսիայի բացահայտ դրսևորում: Փաստորեն, այդ ամենը, ըստ ռուսների, ոչ թե ագրեսիա է, այլ երևի ադրբեջանցի երեխաների կողմից սահմանի բերանին կռիվ-կռիվ խաղալու անմեղ հետևանքներ, որի արդյունքում պատահաբար Հայաստանի տարածք են ընկնում իրար վրա պարսատիկներից նետվող քարերը կամ մետաղի փոքրիկ կտորտանքները, որոնք, ցավոք, երբեմն անզգույշ մահվան պատճառ են դառնում:

 

Ըստ այդմ` ինչպե՞ս կարող է իրեն լուրջ համարող որևէ կազմակերպություն նմանատիպ մանկական խաղերից տրագեդիա սարքել ու դեռ քաղաքական գնահատականներ հնչեցնել: Ռուսներն իրենց իրավունք են վերապահում միջազգային պայմանագրերի` պարտավորություններ ամրագրող իրավական դրույթները մեկնաբանել ըստ քմահաճույքի. իրենք են որոշում` ադրբեջանցիներին զենք վաճառելը ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ ուղղված գործողությո՞ւն է, թե՞, օրինակ, դրանով իրենք բարձրացնում են Հայաստանի անվտանգության ու պաշտպանունակության մակարդակը: Ի՞նչ կապ ունի, թե հարցին ինչպես է մոտենում Հայաստան: Նրանք մեզանից լավ գիտեն մեր շահերը և իրենց որ գործողություններն են դրանց հակասում: Ու քանի որ դա միայն ռուսների առանձնաշնորհն է, Հայաստանը նույն կերպ վարվելու իրավունք չունի:

 

Ավելին` պարզվում է` Հայաստանին կարելի է ստիպել իր վրա վերցնել ոչ մի իրավական հենք չունեցող, ուղղակի խայտառակ պարտավորություններ: Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի շրջանակում Մինսկում ստորագրվեց հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին: Այս փաստաթղթով ՄՄ անդամ երկրներն ընդամենը պատրաստակամություն են հայտնում Հայաստանին թույլատրել, հրավիրելու դեպքում, մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարբեր ձևաչափի միջոցառումներին: Բայց ահա դրա դիմաց Հայաստանը «հռչակում է իր մտադրությունը» «պահպանել այն սկզբունքները, որոնք ամրագրված են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի պայմանագրա-իրավական բազան կազմող պայմանագրերի սկզբունքներում և ձեռնպահ մնալ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի հետաքրքրությունների դեմ ուղղված հայտարարություններից ու գործողություններից»: Այսինքն` չլինելով Մաքսային միության անդամ` Հայաստանը, ոչ ավելի, ոչ պակաս, պարտավորվում է առաջնորդվել դրա իրավական բազայով ու կարգավորումներով, որի դիմաց նա ոչինչ, բառացիորեն ոչինչ չի ստանում: Իսկ թե ինչ է նշանակում ձեռնպահ մնալ ՄՄ-ի հետաքրքրությունների դեմ ուղղված հայտարարություններից ու գործողություններից, ինչպես ասացինք, բացառապես ռուսների մեկնաբանության մենաշնորհի հարց է` ինչպես ուզեն, այնպես էլ կհասկանան:

 

Ակնհայտ է, որ այս գաղափարը հուշագրի մեջ նման ընդհանրական ձևակերպում է ստացել հենց չափազանց մեծ մեկնաբանելիության տեղ թողնելու համար, որպեսզի Ռուսաստանը ցանկացած պահի Հայաստանի ականջը քաշելու լծակ ունենա: Օրինակ  Մոսկվան կարող է մի օր էլ հայտարարել, որ անգամ ԵՄ չինովնիկներին նախագահի մոտ ընդունելը կամ ընդհանրապես նրանց հետ Հայաստանի եվրաինտեգրացիոն հեռանկարների մասին խոսելը հակասում է այդ հուշագրի ոգուն և դրանով Հայաստանի ստանձնած պարտավորությանը: Մոսկվան, այսպիսով, ոտքով-ձեռքով կապել է Երևանին` ՄՄ-ի շրջանակներում իր վրա չվերցնելով ոչ մի պարտավորություն կամ պատասխանատվություն: Հիմա Հայաստանը նրա ձեռքին իսկական մարիոնետ է, որը պարզապես պետք է սպասի, թե ձեռքի ինչպիսի շարժումներ կանի «վարպետը»` ընդամենը հույս ունենալով, որ այդ շարժումներն իր համար գոնե մահացու չեն լինի:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ