Փոխարժեքներ
13 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 429.52 |
RUB | ⚊ | ₽ 4.26 |
GBP | ⚊ | £ 508.32 |
GEL | ⚊ | ₾ 143.76 |
«Չեմ ցանկանում արձագանքել մարզպետին, բայց նշեմ, որ կոնկրետ Մարտունիում, այն էլ՝ մի քանի տեղ, մեծ թվով բնակիչներ ինքնաբուխ, ջերմորեն ու աղուհացով են դիմավորել Շարժման մասնակիցներին ու, հատկապես, Բագրատ Սրբազանին». Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հայտարարություն առ այն, ըստ որի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման` Սոթքում հրավիրած հանրահավաքին ընդամենը մի քանի բնակիչ է մարզից ներկա եղել, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
«Նույնիսկ պարեկներն էին ամեն կերպ ուզում խոչընդոտել, բայց չկարողացան, ֆիքսված կադրերը կան։ Մնացածն իրենք ինչ կասեն, ինչ չեն ասի՝ իրենց խնդիրն է, և որևէ մեկին էլ հետաքրքիր չէ։ Կարևորը՝ մեր ժողովուրդը հասկացել է ինչ է կատարվում երկրում. Ընդամենը հայտարարություն է տարածվել, դրանից հետո ժողովուրդն ինքնաբուխ եկել, հավաքվել, դիմավորել է։ Մարդիկ հստակ պատկերացնում են անվտանգությանն առնչվող այն խնդիրները, միակողմանի զիջումները, որոնք այսօր Տավուշում են, վաղը՝ Վարդենիսում, մյուս օրը կհասնեն Մարտունի»,-ասաց Արման Ղազարյանը, ով, ի դեպ, Գեղարքունիքի մարզից է և քաջածանոթ տեղի խնդիրներին ու տրամադրություններին։
Անդրադառնալով լրատվամիջոցների կողմից ֆիքսված դրվագներին, թե ինչպես են այգում աշխատող գյուղացիներն ավտոերթը տեսնելուն պես թողնում իրենց գործն ու շտապում ճամփեզր՝ ողջունելու Բագրատ Սրբազանի գլխավորած ավտոերթի մասնակիցներին, Արման Ղազարյանը նշեց. «Դա խոսում է այն մասին, որ մարդիկ ողջ էությամբ՝ մտքով, հոգով Շարժման հետ են, պարզապես իրենց ապրուստի միջոցն այս պիկ սեզոնին հողագործությունն է, որով պայմանավորված ֆիզիկապես շատերը չեն կարողանում ներկա լինել։ Մարզում բոլորի հետ շատ եմ շփվում, վստահեցնում եմ, որ համատարած բոլորն էլ ողջունում են Սրբազանի գլխավորած Շարժումը, բոլորն էլ հասկացել են ու հասկանում են ինչ է կատարվում և իշխանության մանիպուլյացիաներին չեն տրվում»։