կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 21:56
Քաղաքական

Լուկաշենկոն ու Սարգսյանը ''քվիթ եղան''

Լուկաշենկոն ու Սարգսյանը ''քվիթ եղան''

Այն տեսանյութը, որ հեռարձակվեց բելառուսական հեռուստաընկերություններից մեկով, որում նախագահ Սերժ Սարգսյանը քնած մարդու տպավորություն է թողնում, ոչ այլ ինչ էր, եթե ոչ պատասխան ամիսներ առաջ Լուկաշենկոյի Հայաստան կատարած այցի ժամանակ նկարահանված և համացանցում տարածված այն տեսանյութի, որում երեւում է, որ Լուկաշենկոյին սպասարկող ավտոմեքենայի մեջ շիկահեր կին է նստած: Հիշեցնենք, որ Լուկաշենկոն այդ օրերին Հայաստանում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով:

 

Բելառուսի նախագահը շատ լավ տեղեկացված է այդ պատմությանը. չէ՞ որ բելառուսական կայքերը օգտագործեցին հայկական կայքերից մեկի ֆիքսած այդ կադրերը: Եվ, ի պատասխան դրան, հիմա էլ չի բացառվում, որ Բելառուսի նախագահի կողմից հակագրոհի հանձնարարություն էր իջեցված` գտնել, իսկ եթե չկա, ապա ստեղծել Սերժ Սարգսյանին ադեկվատ պատասխան տալու հնարավորությունը: Ստեղծելու համար ջանք չթափվեց: Ինչպես ասում են, «առիթն իր ոտքով եկավ», բայց սա չէ էականը, այլ այն, որ բոլորը շատ լավ գիտեին, որ նման արարքները անարձագանք չեն մնում, և առիթի դեպքում պատասխանը չի ուշանում: Կարևոր չէ` Սերժ Սարգսյանը քնա՞ծ էր, թե՞ կարդում էր:

 

Ճիշտն ասած, քնելն էլ վերաբերմունք է կատարվող իրադարձությանը, և կարելի է հարցն այդպես էլ ներկայացնել, բայց նման առիթ, անկասկած, իր ձեռքից բաց չէր թողնի ոչ պաշտոնական Բելառուսը:

 

 

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե մեր երկրում որ լրատվամիջոցը ում առվից է ջուր խմում: Իհարկե, կան լրատվամիջոցներ, որոնք, ըստ ժամանակահատվածի, տարբեր առուներից են հագեցնում իրենց ծարավը: Բոլորը գիտեն և հասկանում են, որ նաև այդ մասին ամենօրյա զեկույցներ են գրվում համապատասխան մարմինների կողմից: Հատկապես մեր երկրում զեկուցագիրներն անասելի շատ են: Այստեղ բոլորն են գրում` թե' տեղացիները, թե' օտարազգիները:

 

Բնականաբար, Բատկան, ում երկրում «ծիտն իր թեւով, օձն իր պորտով չի անցնում» առանց նրա գիտության, հնարավոր չէ` մոռացության մատներ ամիսներ առաջ Հայաստանում իր գլխին եկածը: Իսկ որ այդ տեսանյութի հետ կապված զեկույցը Լուկաշենկոյին ամենայն մանրամասնորեն էր ներկայացված, երևում է պատասխանից: Սերժ Սարգսյանի քնած լինելու մասին կադրերը ոչ թե ցուցադրվեցին Բելառուսի հանրային հեռուստաընկերությամբ, այլ մասնավոր մի ալիքով, որի վրա իբր ազդեցություն չունի երկրի նախագահը, համարյա ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում: Դիտեք կադրերը և կհամոզվեք:

 

 

Մնում է, որ այստեղ համապատասխան կառույցները, որոնք իբր խիստ զբաղված են Սերժ Սարգսյանի PR-ով և հայկական ԶԼՄ-ների մոդերատորությամբ, հասկանան, որ այն բոլոր մանիպուլյացիաները, որ ընդունում կամ հանդուրժում է ժողովուրդը, մյուսները կուլ չեն տա: Պատվի հարց է:

 

 

Բ. Գասպարյան