կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 18:42
Քաղաքական

Մաքսային միությանն անդամակցելու հարցում այլ տարբեր խնդիրներ կան. Արա Պապյան

Մաքսային միությանն անդամակցելու հարցում այլ տարբեր խնդիրներ կան. Արա Պապյան

Երեւույթը, որ հայկական լրատվամիջոցներով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը ներկայացվում է մեկ բան, իսկ ռուսական լրատվամիջոցներիի կողմից` բոլորովին այլ բան, միշտ դատապարտելի է: Ընդունելի չէ, երբ ճշմարտությունը չի ասվում. Yerkir.am-ին այսօր ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը' անդրադառնալով ռուսական Առաջին հեռուստաալիքի' Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վեաբերյալ ռեպորտաժին:

 

Ըստ նրա` որքան էլ զուգահեռ համեմատություն տանենք, ասենք` ինչքան էլ հիվանդի վիճակը ծանր է, դրանով հանդերձ, հարկավոր է, որ բժիշկներն իմանան ճիշտ ախտորոշումը, որպեսզի ճիշտ եզրակացության գան ու ճիշտ քայլեր անեն առողջացնելու համար:

 

«Հիմա մենք բոլորս այստեղ շահառուներ ենք. Հայաստանն, ի վերջո, մեր երկիրն է, դա մեր ապագան է, ու մենք պետք է իմանանք, թե մեր երկրի շուրջ ինչ զարգացումներ են լինում, որպեսզի նաեւ մեր մասնակցությունն ունենանք ու մեր դիրքորոշումն արտահայտենք: Այսինքն' ընդունելի չէ ճշմարտությունը չասելը կամ ճշմարտության մի մասն ասելը: Եվ ընդունելի չէ այն առումով, որ դա կբերի սխալ եզրակացությունների, սխալ եզրակացությունները` սխալ քայլերի, ու այսպես շարունակ»,- նշեց Արա Պապյանը:

 

Ստեղծված ընդհանուր իրավիճակի մասին էլ նա նշեց, որ նրանք, ովքեր հանդես են գալիս հօգուտ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, որպես հիմնական նպաստավոր գործոն նշում են այն, որ մեծ տնտեսական հնարավորություն կլինի, ինչպես նաեւ մեր  անվտանգությունը կարող է ավելի ամրանալ: Արա Պապյանը համողված չէ, որ այդպես է, քանի որ անվտանգության հարցը լուծված է երկկողմ հայ-ռուսական մի շարք պայմանագրերով եւ համաձայնագրերով, եւ անդամակցությունը Մաքսային միությանը հարցն ավելի է բարդացնում:

 

«Այսինքն' երկկողմանիից մենք հարցը դնում ենք բազմակողմի վրա. դրան միջամտում են այլ երկրներ, օրինակ` Ղազախստանը, Բելառուսը եւ այլն, որը կարող է ոչ նպաստավոր լինել մեզ համար: Նույնը վերաբերում է տնտեսական հարցերին: Եվ, ըստ էության, վերջին հայտարարությունները, նման մեկնաբանությունները հենց այդ ոգով են արվում: Եվ հարց է առաջանում' մեզ պե՞տք են այդ լրացուցիչ պրոբլեմները: Որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարթության մեջ այդ ամեն ինչը շատ ավելի հեշտ է լուծվում»,- պարզաբանեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրենը:

 

Արդյունքում, ըստ Պապյանի, մենք ունեցանք մի վիճակ, որ արդեն Եվրամիության հետ հարաբերություններն ակնհայտորեն փչացրեցինք, այսինքն' Եվրոպան նեղացած է, եւ այս մի շարք բանաձեւերը, որ կամաց-կամաց ի հայտ են գալիս, ոչ նպաստավոր լույսի ներքո անդրադառնալով նաեւ ԼՂՀ հարցի եւ այլնի վրա, դրա արտացոլումն են: Մյուս կողմից էլ` հիմա պարզվում է, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցում այլ տարբեր խնդիրներ կան, ու վերջիվերջո, մեզ ստիպելու են, որ հայտարարություն անենք, թե Ղարաբաղը, որպես տնտեսական մաս, որեւէ կապ չունի Հայաստանի հետ: