կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 14:15
Քաղաքական

ԼՂ հարցը փորձում են վերցնել Հայաստանի ձեռքից. Արա Պապյան

ԼՂ հարցը փորձում են վերցնել Հայաստանի ձեռքից. Արա Պապյան

Օրեր առաջ Երևանում կայացել էր ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստը, որը հայտարարություն ընդունեց ԼՂ կարգավորման վերաբերյալ: « Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է դրանում:

Այսօր, խոսելով այդ հայտարարության մասին, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար քաղաքագետ Արա Պապյանը լրագրողներին ասաց, որ Հելսինկյան փաստաթուղթը շատ է գերագնահատվում, այն ժողովի արձանագրությունն է ամրագրել, որը վերաբերում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած սահմաններին: «Ադրբեջանը չի ունեցել և չունի միջազգայնորեն սահմանված տարածքներ, նա հավակնում է Ադրբեջանական ՍՍՀ սահմաններին, որը հիմք չունի: ՀԱՊԿ նախարարների խորհրդի այդ հայտարարությունը ռուսական կողմի ակտիվության դրսևորման ցուցադրում էր: Սանկտ Պետերբուրգի բանակցությունները ծածուկ էին, և եթե դա հիմնվել է Կազանի փաստաթղթի վրա, ապա Հայաստանը պետք է հանձնի հինգ շրջանները: Ներկայումս ստեղծվել է խիստ անորոշ ու բարդ իրավիճակ, որը կարող է բերել պատերազմի»,- ասաց նա` հավելելով, որ, ցավոք, ԼՂ հարցը փորձում են վերցնել են Հայաստանի ձեռքից:

Արա Պապյանին հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը` ասելով, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, Վիեննայում ու Սանկտ Պետրերբուրգում բանակցություններ տեղի չեն ունեցել, փորձ է արվել կողմերին բերել սեղանի շուրջ, որ ապահովվի  հրադադարը սահմանին: «Կազանյան փաստաթղթի մասին որևէ բան չկա: Վիեննայում ու Պետերբուրգում որևէ փաստաթուղթ չեն քննարկել»,- ասաց նա: