կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-09 18:13
Իրավական

Մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից հեռացնելու լիազորություն ունի մաքսային մարմնի ղեկավարը, այլ ոչ թե վարչապետը. Ռուբեն Մելիքյան

Մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից հեռացնելու լիազորություն ունի մաքսային մարմնի ղեկավարը, այլ ոչ թե վարչապետը. Ռուբեն Մելիքյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Նորագավիթի մաքսատուն այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով Yerkir.am-ը ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանից հետաքրքվեց` արդյո՞ք վարչապետը մաքսայինի աշխատակցին աշխատանքից ազատելու լիազորություն ունի, և որո՞նք են, առհասարակ, նրան աշխատանքից ազատելու հիմքերը:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր շրջայցի ընթացքում զայրացել էր` տեսնելով ՀՀ դրոշը սենյակի անկյունում դրված` փոշոտ վիճակում, որից հետո պահանջել էր աշխատանքից ազատել սենյակում աշխատողներին:

-Պարո’ն Մելիքյան, վարչապետը մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից հեռացնելու լիազորություն ունի՞:

-Բնականաբար, չունի: Որքան տեղյակ եմ այդ ոլորտի օրենսդրությունից, այդպիսի լիազորություններ ունի միայն մաքսային մարմնի ղեկավարը: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է դիմում գրելուն, դա անձի որոշումը պետք է լինի` դիմում գրի կամ չգրի: Դիմումն ի՞նչ է: Մեզ մոտ իրավական մշակույթի տեսանկյունից խնդիր ունենք, որ դիմում գրելը աշխատանքից հեռացնելու միջոց է, բայց իրականում դա անձի սեփական կամաարտահայտությունը պետք է լինի: Ես ավելի շատ կարծում եմ, որ դա եղած փաստերի հիման վրա անձին աշխատանքից հեռացնելու հանձնարարական էր կամ ինչ-որ որոշում:

-Այսինքն` աշխատանքից ազատելու առաջին հիմքը դիմում գրե՞լն է:

-Այո, դա անձի կամաարտահայտությունն է, և ցավում եմ, որ նաև ամենաբարձր մակարդակով այդ սխալ ընկալումն է առկա` դիմում գրելու հետ կապված:  Դիմում գրելը, ըստ էության, իրականում չի դիտվում որպես անձի կամաարտահայտություն, այլ հիմնարկի ղեկավարն է որոշում կայացնում, որ անձին պետք է ազատի, և նրան առաջարկում է դիմում գրել:

- Իսկ ՀՀ օրենքը նախատեսո՞ւմ է նման խնդրով ազատել աշխատանքից:

- Այո’, նման հնարավորություն ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ այս ոլորտում կա: Այդ դեպքում պետք է գնահատվի էթիկայի խախտման ծանրության աստիճանը և, առհասարակ, թե որքանով է նման վարքագիծը անձի համար կանխատեսելի: Սա շատ կարևոր գործոն է. արդյո՞ք անձի համար կանխատեսելի է եղել, որ իր` նման վարքագծի պարագայում ինքն աշխատանքից կազատվի: Ամենամեծ խնդիրը, որ ես եմ տեսնում այս ոլորտում, կանխատեսելիությունն է, այսինքն` որքանո՞վ է անձի համար կանխատեսելի, որ պետական դրոշի հետ կապված խնդիր կա, կամ այդ խախտումը, եթե մենք դա դիտում ենք էթիկայի խախտում, կարո՞ղ է հանգեցնել նման հետևանքի, սովորաբար, ինչպե՞ս է դա գնահատվում, նման պրակտիկա եղե՞լ է, թե՞ չի եղել, նման ցուցումներ նախկինում եղե՞լ են, թե՞ չեն եղել: Այս բոլոր գործոնները կանխատեսելիության հետ են կապված, և եթե այստեղ ինչ-որ խնդիր տեսնում ենք, ապա կարծում եմ, որ դրանք առավելապես պետք է վերաբերեն կանխատեսելիությանը:

Հավելեմ, որ դրական եմ համարում, որ պետական խորհրդանիշերի նկատմամբ հարգանքը մեծացվի, այդ թվում` նաև պետական մարմիններում, բայց կարծում եմ`անձի տեսանկյունից նրան պետք է հնարավորություն տրվի այդ վարքագիծը համապատասխանեցնելու նոր պահանջներին` յաս դեպքում, որովհետև չեմ կարծում, որ սրանից առաջ նման պահանջներ դրված եղել են, կամ որևէ մեկը հետևողականություն է դրսևորել այդ պահանջների իրականացման ուղղությամբ: