կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-06 15:15
Քաղաքական

Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ինքնին հետեւանք էր

Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ինքնին հետեւանք էր

Ոչ թեե Մաքսային միությանն անդամակցելը հետեւանքներ կունենա, այլ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու ցանկության մասին որոշումն է հետեւանք. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

 

Իրականում, նշեց բանախոսը, Ղարաբաղի հարցը բավականին լուրջ ազդեցություն է թողել այս որոշման վրա: «Ուզում եմ, որ ժողովրդի համար պարզ լինի Ղարաբաղի գործոնը: Իրականում ընտրությունը ոչ թե արժեհամակարգերի կամ տնտեսական հարցերի ընտրություն էր, այլ քաղաքական հետեւանքների ընտրություն էր: 90-ական թվականներին Տեր-Պետրոսյանի վարչակազմը հստակ գիտակցում էր մի հանգամանք, որ ԼՂՀ ինքնորոշման կարեւորագույն հանգամանքներից մեկն այն էր, որ Հայաստանը կարողանա հստակ հավասարակշռություն պահել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ»,- շեշտեց Լեւոն Զուրաբյանը' պարզաբանելով, որ եթե ընտրության առաջ կանգներ, ապա ԼՂ հարցը խիստ բարդանալու էր, քանի որ իր ռեսուրսներով Ադրբեջանը փորձելու եւ կարողանալու է այդ հարցը լուծել իր օգտին:

 

Բանախոսը նշեց, որ նախկինում երբեք ոչ մի միջազգային կառույց չի ընդունել այնպիսի փաստաթուղթ, որում Հայաստանը ներկայացվեր, որպես օկուպանտ երկիր: Բայց 2009 թվականից հետո այդ իրավիճակը փոխվեց. առաջինը ԵԽԽՎ-ն բանաձեւ ընդունեց, որը խայտառակություն էր եւ մեր իշխանությունների ձախողումը, դրանում նշվում էր ադրբեջանական տարածքների օկուպացման մասին, իսկ փաստաթղթից փաստաթուղթ այդ դրույթներն ամրապնդվում են:

 

«Հիմա ստացվեց այնպես, որ առաջին անգամ Սերժ Սարգսյանը խախտեց այդ հավասարակշռությունը, եթե ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ապա հավասարակշռությունը կպահպանվեր: Բայց նա չկարողացավ հաշտեցնել Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը երկրի ներսում: Իսկ եթե դա չես կարողանում, գործընթացը վերածվում է Հայաստանի համար մրցակցության: Իսկ այդ դեպքում առճակատային իրավիճակ է ստեղծվելու եւ բանեցվելու են ճնշումներ: Ինչը եւ կատարվեց, եւ Ռուսաստանն իր ահռելի ճնշումները բանեցրեց»,- պարզաբանեց Լեւոն Զուրաբյանը:

 

Նրա մեկնաբանությամբ` այս ամենը զուգադիպություն չէ, այլ այս բոլոր ձախողումների պատասխանատվությունն ընկնում է երկրի իշխանությունների վրա` ի դեմս Սերժ Սարգսյանի: