կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 16:47
Քաղաքական

Հաստատվեց Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը

Հաստատվեց Մաքսային միությանն անդամակցության  ճանապարհային քարտեզը

Կառավարությունն այսօր հաստատեց Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության  անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի ճանապարհային քարտեզի իրականացման գործողությունների ժամանակացույցը:

 

Այն ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ, կառավարության որոշմամբ, հաստատվում է ժամանակացույցը, որը ներառում է  շուրջ 20 բաժին:

 

«262 միջոցառումներ են, դրանցից 150-ն իրականացվելու են մինչեւ անդամակցությունը, իսկ մնացածը' անդամակցությունից հետո; Ընդհանուր առմամբ, ենթամիջոցառումները շուրջ 600-ն են: Այս հիմնական որոշմանը կցվել է նաեւ ճանապարհային քարտեզը»,- նշեց նախարարը:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ ասաց, թե  անհրաժեշտ է երկօրյա ժամկետում խմբագրական շտկումներ կատարել փաստաթղթի թարգմանություններում, նաեւ` որ չափազանց կարեւոր է, որ բոլոր թարգմանությունները լինեն կոռեկտ, որովհետեւ ապագայում արդեն բոլոր փաստաթղթերի տերմինները հաստատվելու են ըստ այն փաստաթղթի տերմինների, որն այսօր հաստատվեց կառավարության կողմից:

 

«Դրա համար հանձնարարում եմ արդարադատության նախարարությանն ու ձեզ, որպեսզի մեծ ուշադրություն դարձնեք տերմիններին, եւ որպեսզի հետագայում իդենտիֆիկացիայի խնդիրը մենք ամբողջությամբ կարողանանք լուծել, որպեսզի ռուսերեն տարբերակները եւ հետագայում հայերեն տարբերակներն ամբողջությամբ համադրելի լինեն»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

 

Վարչապետն ավելացրեց, որ խորհրդակցության ժամանակ պարզվել է, որ որոշ վերնագրերի շուրջ կան տարընթերցումներ` թե ճիշտ թարգմանությունն ինչպիսին է, եւ ինչ տերմինաբանություն պետք է օգտագործվի, որովհետեւ հայերենում մենք այլ տերմիններ ենք օգտագործում, ռուսերենում` այլ:

 

«Հիմա մենք ինչպես այս պահի դրությամբ պայմանավորվենք, հետագայում այդ տերմիններն էլ օգտագործելու ենք, դրա համար այստեղ պետք է զգույշ լինենք»,- եզրափակեց վարչապետը: