Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր զարգացումներով, ուշադրության արժանի է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կարելի է արդյունավետ որակել դաշնակից երկու երկրների համար. ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետեւ նա ներկայացրեց ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման կապակցությամբ իր դիտարկումները` կետերով: Ըստ այդմ`
«Առաջին` կողմերը հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սա նշանակում է որ հարեւան Ադրբեջանի եւ նրա ավագ եղբայր Թուրքիայի` խնդրի լուծման այլընտրանքային, այդ թվում` ռազմական լուծման նկրտումները հօդս են ցնդում:
Երկրորդ` Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնել ու դիվերսիֆիկացնել թե’ երկրի տնտեսությունը, թե’ երկրի էներգետիկ անվտանգության համակարգը: Այս խնդիրը հավելյալ կարեւորություն է ստանում հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների համատեքստում:
Երրորդ` երկու դաշնակից պետությունները պատրաստակամություն են հայտնում մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալել, մասնավորապես` հայկական կողմը քաղաքական հայտարարությամբ ազդարարեց, որ պատրաստ է միանալու Մաքսային միությանը, որը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի մեր պետությանը»,- թվարկեց Էդուարդ Շարմազանովը:
Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հայտարարության համատեքստում հստակ նշվել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ, սակայն Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը ոմանց համար դարձավ ամպրոպ` անամպ երկնքում:
Շարմազանովի կարծիքով` սկսեցին շրջանառվել տարբեր կարծիքներ, ու հասարակությանն արհեստականորեն բաժանեցին արեւմտամետների կամ ռուսամետների:
«Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որը բացառապես բխում է մեր պետական ու ազգային շահերից: Եվ մեր պետական ու ազգային շահը մեզ ստիպում է, որ մենք խորացնենք հարաբերությունները մեր միակ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի եւ մեր եվրոպացի ու այլ գործընկերների հետ»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը` կարծիք հայտնելով, թե նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, սխալվում են:
«Ուզում եմ բարեկամական խորհուրդ տալ մեր ընդդիմախոսներին` կարիք չկա մութ սենյակում սեւ կատու փնտրել, երբ կատուն այդ սենյակում չէ»,- իր խոսքն ամփոփեց Է. Շարմազանովը: