Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
ՌԴ վարչապետը ողջունել է Հովիկ Աբրահամյանին Սոչիում և նշել.
«Մենք Ձեզ հետ պայմանավորվել էինք, որ որպես վարչապետ կժամանեք Ռուսաստան, ինչը հնարավորություն է տալիս քննարկել ռուս-հայկական հարաբերությունների լայն շրջանակ՝ սկսած ինտեգրացիոն գործընթացներից, վերջացրած առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցությունից: Մեր երկրներն ունեն դաշնակցային հարաբերություններ, և այդ մասին խոսելու հարկ էլ չկա: Սրտանց Ձեզ ողջունում եմ Սոչիում»:
«Շնորհակալություն, Դմիտրի Անատոլիի, հրավերի և տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար: Կարծում եմ՝ կկարողանանք մեր առանձնազրույցում արդյունավետ քննարկել մեզ հետաքրքրող հարցերը»,- իր հերթին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել դրանց հետագա զարգացման ու ընդլայնման կարևորությունը երկու երկրների համար: Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին: Միաժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալի մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո: Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին, միջտարածաշրջանային համագործակցությանը, միգրացիոն, առողջապահական, հումանիտար և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Առանձնազրույցից հետո Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել են նաև աշխատանքային ճաշի ընթացքում: