Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները: Ստանալով ընտրողների մոտ 62 տոկոսի վստահության քվեն` հաղթանակ է տարել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:
Միջազգային դիտորդական խմբերը, որոնք հետևում էին վրացական ընտրությունների ընթացքին, այն որակել են ազատ, թափանցիկ, արդյունավետ կազմակերպված: ԵԱՀԿ դիտորդական խումբն առանձնացրել է Վրաստանի ԿԸՀ-ի աշխատանքի պրոֆեսիոնալիզմը և դրա գործունեության նկատմամբ առկա հանրային բարձր վստահությունը: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության խմբի ղեկավար Ժոաո Սուարեսը հայտարարել է, թե այս ընտրություններով վրաց ժողովուրդն ամրապնդեց հաջողությունը, որին երկիրը հասել էր նախորդ տարի անցկացված պառլամենտական ընտրությունների ժամանակ: ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության ներկայացուցիչ Իլկա Կաներվան էլ նշել է, թե իրենք հոկտեմբերի 27-ին հետևել են իսկական եվրոպական ընտրությունների:
Այսպիսով` Միխեիլ Սահակաշվիլիի դարաշրջանն ավարտվեց: Ինչպես որ սկսվել էր նրա կողմից իշխանության խաղաղ փոխանցումը նոր ի հայտ եկած քաղաքական ուժին` գործարար Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, այդպես էլ խաղաղ այն հանգուցալուծում ստացավ: Այս ընտրություններով ավարտվեց Վրաստանում քաղաքական երկիշխանությունը, որը թե' Սահակաշվիլին և թե' Իվանիշվիլին համբերատար, փոխզիջումների հենքի վրա կարողացան պահպանել անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Դա առանցքային, քաղաքական ու քաղաքակրթական արժեք, ձեռքբերում էր, որ ունեցավ Վրաստանը, և որը, ըստ էության, երաշխավորեց այդ երկրում եվրոպական մակարդակով ընտրությունների անցկացումն ու իշխանության խաղաղ հանձնումը: Այս ընտրություններում հաղթեց ոչ այնքան Իվանիշվիլին` իր քաղաքական թիմով, որքան Վրաստանի ժողովուրդը:
«Վրացական երազանք»-ի թեկնածուն հաղթեց ոչ այնպիսի արդյունքներով, որոնք խոսում են այդ շարժման և դրա ղեկավարի նկատմամբ անվերապահ հասարակական աջակցության մասին: 62 տոկոս արդյունքը նշանակում է, որ մնացած 38 տոկոսը չի վստահել նոր իշխանությունների կուրսին կամ կողմ է արտահայտվել իշխանությունը կորցրած Սահակաշվիլիին` ի դեմս նրա ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեի, ով, ի դեպ, հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել է իր մրցակցին: Սա հսկայական ռեսուրս է քաղաքական այս ուժի համար, որի վրա հենվելով, կարող է ստեղծել իսկապես գործուն, դինամիկ, ինչ-որ տեղ ագրեսիվ ու պահանջկոտ ընդդիմություն: Իսկ դա քաղաքական ու հասարակական առողջ, կենսունակ համակարգ ունենալու հիմնական գրավականն է, որը գուցե ավելի մեծ ձեռքբերում է, քան որևէ ուժի կողմից իշխանությունը հանգիստ վերցնելը:
Այս ընտրություններով ավարտվեց նաև Վրաստանի պետական իշխանության համակարգային փոփոխությունը, որով երկիրը նախագահական կամ կիսանախագահական կառավարման սիստեմից անցում կատարեց խորհրդարանականի կամ վարչապետականի: Իշխանությունն ամբողջությամբ անցավ Իվանիշվիլիի ձեռքը, որից վրացիների ամենամեծ սպասելիքը Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների կարգավորումն է: Դրա պատրաստակամությունը Իվանիշվիլին հայտնել է վաղուց: Նոր ընտրված նախագահը ընտրությունների շրջանում ընդգծված արևմտյան կողմնորոշում է ցուցաբերել` վստահեցնելով ընտրազանգվածին, թե երկիրը չի փոխելու պրոեվրոպական կուրսը: Սակայն չի բացառվում, որ սա ընդամենը չկողմնորոշված, բայց ակնհայտորեն արևմտամետ կողմնորոշում ունեցող ընտրազանգվածի ձայները վերցնելու նպատակ ուներ, իսկ նոր իշխանության նպատակը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունների բալանսավորումն է: Համենայն դեպս, Վրաստանի վարչապետը, ով այլևս լինելու է արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն և իրացնողը, չի հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մտադրությունից: Ընտրություններից անմիջապես հետո պաշտոնական Մոսկվան, փաստացի ընդունելով քվեարկության արդյունքները, հայտարարել է, թե սպասում է Վրաստանի դիրքորոշմանը ՌԴ-ի հետ հետագա հարաբերությունների հարցում: Ակնհայտ է, սակայն, որ այս հարցում առանցքային է լինելու նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու խնդիրը և դրա նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը:
Սա իրականում տարածաշրջանային նշանակության խնդիր է, որն առնչվում է նաև Հայաստանի շահերին: Նախ` ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու դեպքում Վրաստանը ավելի կկտրի Հայաստանին Մաքսային միությունից` լինելով մաքսային բոլորովին այլ ռեժիմում: Երկրորդ` առկախված է մնում աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, ինչի խոստումը Իվանիշվիլին տվել էր դեռ անցած տարի` Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Եթե ՌԴ-ն սուր վերաբերի ԵՄ-ի հետ ինտեգրացիոն համաձայնագրերը ստորագրելու իրողությանը, ապա երկաթուղու վերաբացման խնդիրը կարող է առկախված մնալ, հատկապես` եթե նկատի ունենանք Աբխազիան և Հարավային Օսիան, ի հեճուկս Վրաստանի, ՄՄ ներքաշելու` Մոսկվայի քաղաքականության կանխատեսելի հետևանքները:
Բոլոր դեպքերում Իվանիշվիլին հարևանների նկատմամբ իր հավասարակշիռ քաղաքականությամբ շատ ավելի նախընտրելի է Հայաստանի համար, քան էքսցենտրիկ Սահակաշվիլին, ով ուղղակի ծաղրուծանակի և բացասական համեմատությունների առարկա էր դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Թեեւ իր գնահատականներում նա մեծ հաշվով չէր սխալվում, սակայն դրանով վիրավորում էր ոչ այնքան ՀՀ իշխանությունների, որքան հայ ժողովրդի ինքնասիրությունը: Իսկ դրա հետևանքը հարևան ժողովուրդների միջև ավելորդ օտարվածության, սառնության արմատավորումն էր: Այնպես որ` վրացական նոր իշխանություններից սպասելիքներ ունի ոչ միայն վրաց ժողովուրդը, այլ նաև Հայաստանը: Սակայն որքանո՞վ դրանք կարդարանան, ցույց կտա, ըստ ամենայնի, ոչ այնքան հեռավոր ապագան:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ