Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երազ իմ երկիր» երգի հեղինակի հետ կապված խոսակցությունները դեռ շարոնակվում են: Կոմպոզիտորների միության համագումարում Ռոբերտ Ամիրխանյանն ինքն ասաց, որ չի ուզում ապացուցել, որ իր երեխայի հայրը ինքն է: Իսկ երաժշտագետ Մհեր Նավոյանը նշեց, թե անհրաժեշտ է վերջ տալ այս խոսակցություններին, քանի որ այն տարիներին, երբ դեռ կենդանի էր Հայրիկ Մուրադյանը, ինչո՞ւ չի բողոքել, թե երգի բառերի հեղինակն ինքն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմեն Աթանյանը նշեց, թե կուզենար Նավոյանին հիշեցնել, որ Հայրիկ Մուրադյանն այն տարիներին ոչինչ չի ասել, քանի որ, երբ ցուցադրվում էր «Հայրիկ» ֆիլմը, ֆիլմի վերջում` տիտրերում, գրվում էր՝ երաժշտության հեղինակ` Ռոբերտ Ամիրխանյան, բառերի հեղինակ՝ Հայրիկ Մուրադյան, կատարում է Հայրիկ Մուրադյանը:
«Այժմ այդ տիտրերը հանվել են: Խոսակցություններ կան, որ բառերի հեղինակը Աղասի Այվազյանն է: Աղասի Այվազյանը նման հավակնություններ չի ունեցել եւ չի էլ կարող ունենալ: Աղասի Այվազյանն այս երգի հետ ոչ մի կապ չունի, բացի այն փաստից, որ Հայրիկ Մուրադյանն ու Աղասի Այվազյանն այդ ժամանակահատվածում իրար հետ շփվել են, միգուցե խոսել երգի մասին»,- ասաց Աթանյանը:
Ըստ նրա` ստեղծագործության երաժշտությունը, այո, գրել է Ռոբերտ Ամիրխանյանը, հնարավոր է, որ այն նաեւ ժողովրդական մեղեդի է եղել, եւ Ամիրխանյանը մշակել է այն: Սակայն այդ դեպքում, միեւնույն է, երաժշտության հեղինակը Ամիրխանյանն է համարվում:
«Փաստ է` բառերը գրվել են Հայրիկ Մուրադյանի կողմից, կան, չէ՞, վկայակոչողներ: Հիմա Հայրիկ Մուրադյանի ժառանգները վրդովված են մեկ բանի համար` «Հայրիկ» ֆիլմի տիտրերից անհետացել է Հայրիկ Մուրադյանի անունը: Մուրադյանի ժառանգները ոչ թե Ռոբերտ Ամիրխանյանի ձեռքից երգը վերցնելու ցանկություն ունեն, այլ ուղղակի ուզում են, որ նշվի, թե երգի բառերի հեղինակը Հայրիկ Մուրադյանն է»,- ասաց Աթանյանը` հավելելով, որ ոչ ոք Ռոբերտ Ամիրխանյանի ձեռքից երգը խլելու ցանկություն չունի. «Ես Ամիրխանյանին, որպես կոմպոզիտոր, շատ եմ հարգում, բայց այսպես չի կարելի, ամոթ է»: