կարևոր
2875 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 17:05
Քաղաքական

Ուրիշներին մարդասիրական օգնություն տրամադրել շտապող իշխանությունը չունի՞ յուրայիններին ապրումակցելու, աջակցելու մի գրամ իսկ ցանկություն․ Գառնիկ Դանիելյան

Այսօր ուզում եմ անդրադառնալ արդեն 10 օրից ավել բաց երկնքի տակ լուսացնող մարդկանց խնդրին։ Այո, խոսքը ՊՆ նախկին շենքի բնակիչների մասին է։ Բնակիչներն այստեղ հաստատվել են 2018 թվականից։ Շենքը այս ժամանակահատվածում մատնված էր անտերության, չկար պատշաճ պահպանություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Բնակիչների թվում կան 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներ, կան կերակրող մայրեր, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցներ։ Շատերն այստեղ են հայտնվել հայրենազրկվելուց՝ Հադրութի ու Քարվաճառի հանձնումից հետո։ Կան նաև զոհված զինծառայողների, ինչպես նաև՝ այս պահին մարտական հերթապահություն իրականացնող անձանց ընտանիքներ։ Այս ընթացքում փորձել եմ պարբերաբար այցելել և հնարավորություններիս սահմաններում աջակցել բնակիչներին։ Մեր համառ ջանքերի շնորհիվ միայն թույլատրվեց վրանների տեղադրումը։ Երեկ տեղեկացա, որ հիմա էլ ոստիկանները բնակարաններից դուրս են նետում նրանց գույքը, իրերը՝ չսպասելով, որպեսզի կազմակերպվի գույքի պատշաճ  տեղափոխությունը»,- ասաց պատգամավորը։

Դաշնակցական գործչի խոսքով՝ սա անմարդկային է և անթույլատրելի է․

«Սիրելի հայրենակիցներ, այսօր հարկ համարեցի խոսել այս մասին, քանի որ դրսում հայտնված քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․վտանգ կարող է սպառնալ նրանց կյանքին, առողջությանը։ Արդեն ունեմ տեղեկություններ այն մասին, որ մանկահասակ երկու երեխա հոսպիտալացվել է։ Ո՞վ է պատասխան տալու այս երեխաների առողջական խնդիրների համար։ Անթույլատրելի եմ համարում քաղաքացիների նկատմամբ նման անտարբեր, սառնասիրտ վերաբերմունքը։  Մի՞թե մանկահասակ երեխաներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց այս ցրտին առանց տանիքի թողնելուն այլընտրանք չկա։ Ուրիշներին մարդասիրական օգնություն տրամադրել շտապող իշխանությունը չունի՞ յուրայիններին ապրումակցելու, աջակցելու մի գրամ իսկ ցանկություն։ Թեև, արցախցի մեր 120․000 հայրենակիցներին անտարբերության մատնած իշխանությունների դեպքում այսպիսի քայլերը բոլորովին անսպասելի չեն։ Այն պայմանները, որոնք առաջարկվել են այս մարդկանց՝ շենքը լքելու դիմաց, որևէ կերպ չեն լուծում խնդիրը»,- ասաց նա։

Պատգամավորը հարց ուղղեց մարդկանց հրատապ կերպով շենքից դուրս հանելուց առաջ իրականացվե՞լ է արդյոք ընտանիքների սոցիալական կարիքների գնահատում, և, ըստ այդմ՝ սոցիալական աջակցության ծրագրեր նախատեսվել կամ նախատեսվու՞մ  են այս մարդկանց համար․

«Հարցերս ուղղել եմ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ հայցելով, որ սեղմ ժամկետներում տրվեն պատասխաններ։ Չստանալով պատասխաններ՝ այս մասին բարձրաձայնում եմ ԱԺ ամբիոնից։ Իշխանությունը և իրավասու անձինք այս երեխաների առողջության և դրսում գիշերող մարդկանց առողջության վատթարացման բոլոր հետևանքների պատասխանատուն են։ Շարունակելու եմ այցելել ՊՆ նախկին շենքի բնակիչներին և հետևողական լինել, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքները ի վերջո պաշտպանվեն, և խնդիրը հանգուցալուծվի ոչ ի վնաս բնակիչների»,- ասաց նա։