կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 15:47
Քաղաքական

Ես կողմնորոշվում եմ մեր նախագահի ասածներով. Կարինե Աճեմյան

Ես կողմնորոշվում  եմ մեր նախագահի ասածներով. Կարինե Աճեմյան

ՀՀ նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո իշխանական տարբեր օղակներում շրջանառվում էր, որ ոչ թե մենք ենք ցանկություն հայտնել անդամակցել ՄՄ-ին, այլ մեզ հրավիրել են այդ կառույց: Սակայն ՄՄ-ի վերաբերյալ Ռուսական Առաջին ալիքի կիրակնօրյա ռեպորտաժում հստակ նշվեց, որ դա Հայաստանի ցանկությունն է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ հարցին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ մեզ չեն սազում նման` ոչ պրոֆեսիոնալ մակարդակի խոսակցությունները: Ըստ նրա` ՄՄ-ն լուրջ քննարկման առարկա է, և մեր նախագահն իր հստակ տեսակետը հայտնել է, ինչի հիման վրա էլ պետք է կարողանանք զարգացնել մեր բանակցային գործընթացը:

 

«Մաքսային միությունը մի երևույթ և մի ձևաչափ է, որին անդրադառնալիս շատ ու շատ հարցեր պետք է ճշտենք»,- ասաց նա և հավաստիացրեց, որ մենք անպայման ընդգրկվելու ենք այդ կառույցում և հնարավոր ամեն բան անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար:

 

Նշենք, որ ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում ասվում էր, թե Մինսկում վերջերս կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՄՄ անդամ երկրների առաջնորդները, քննարկելով միությանը Հայաստանի անդամակցության ցանկությունը, պատասխանել են, որ առաջիկայում Հայաստանի ձգտումներն այդպես էլ ցանկություն կմնան Ադրբեջանի հետ չլուծված տարածքային վեճի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

 

ՀՀԿ-ական պատգամավորն այդ առնչությամբ էլ հայտարարեց, որ  հնարավոր է`  ՄՄ-ի վերաբերյալ տարբեր պաշտոնյաներ տարբեր հայտարարություններ անեն: «Ես կողմնորոշվում եմ մեր նախագահի ասածներով»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ այն, ինչ որոշել ենք և ձգտում ենք անել, դրան պետք է հասնենք:

 

«ՄՄ-ին անդամակցելու գործընթացը կազմակերպելու ենք այնպես, որ այն որևէ դեպքում չվնասի ԼՂՀ-ի կամ Հայաստանի շահերին»,- հավելեց Աճեմյանը: