կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 21:08
Քաղաքական

Մեր ժողովուրդը խմիչքի հանդեպ հակումներ չունի. Կարինե Աճեմյան

Մեր ժողովուրդը խմիչքի հանդեպ հակումներ չունի. Կարինե Աճեմյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը թեև կողմ է քվեարկել թունդ ալկոհոլային խմիչքները հեռուստատեսությամբ գովազդելու վերաբերյալ  օրինագծին, սակայն օրինագծի հետ կապված ունեցել է մտահոգություններ, որոնց մասին բարձրաձայնել է համապատասխան ԱԺ հանձնաժողովում: Պատգամավորը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր  անհանգստությունները կապված էին գովազդի ժամերի հետ, և ինքն առաջարկել է գովազդի ժամերը սահմանել ոչ թե 22:00-ից մինչև 06:00-ն, այլ 24:00-ից մինչև 08:00-ն, որպեսզի երեխաները և խմիչքի հանդեպ հակում ունեցողները հնարավորինս քիչ դիտեն այդ գովազդները:

 

«Աղմուկը շատ է: Ես չեմ կարծում, որ այդ գովազդը ազդեցություն կունենա հասարակության վրա՝ առողջության տեսանկյունից, որովհետև մեր ժողովուրդը խմիչքի հետ կապված հատուկ հակումներ չունի: Օրենքը ավելի շատ միտված էր հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը բարելավելուն: Հեռուստատեսությունը մի ոլորտ է, ուր գումարները անընդհատ չեն հերիքում, և որակյալ հաղորդումներ պատրաստելու համար այս օրենքը կարևոր է»,- ասաց Կարինե Աճեմյանը:

 

Նա նաև նշեց, որ թեև օրենքին կողմ է քվեարկել, սակայն ալկոհոլի ջատագով չէ` համարելով, որ ալկոհոլը պետք է չափավոր օգտագործել: Մեր հարցին՝ օգտագործո՞ւմ է խմիչք, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, օգտագործում եմ, գինի, կոնյակ՝ առիթների դեպքում»:

 

«Իսկ օղի՞» հետաքրքրվեցինք ՀՀԿ-ական պատգամավորից, ի պատասխան ասաց. «Լավ օղի՝ երբեմն»: