կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 21:00
Քաղաքական

Իշխանությունները շարունակում են ՀՀԿ-ի սկսած ծրագրերը, եթե դրանք վատն են, թող չշարունակեն. Կարինե Աճեմյան

Իշխանությունները շարունակում են ՀՀԿ-ի սկսած ծրագրերը, եթե դրանք վատն են, թող չշարունակեն. Կարինե Աճեմյան

ՀՀԿ-ն ընտրության է գնում ուժեղ կազմով և հմուտ քաղաքական գործիչներով, իհարկե, կան նաև նոր դեմքեր, որոնք, սակայն, փորձ ունեն, ինչը կարևոր է: ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը` շեշտելով, որ այսօր իշխանությանը պետք է ընդդիմություն կամ ուժ, որը կարող է հակազդել, սխալները բարձրաձայնել, որպեսզի դրանք չլինեն ճակատագրական:

Վերջինը նաև շեշտեց, որ նոր իրավիճակում, նոր տրամաբանությամբ են քարոզարշավի գնում` նշելով, թե կցանկանար այն անցներ խաղի կանոնների համաձայն և կուսակցություններն իրար վրա ցեխ չշպրտեին:


Կարինե Աճեմյանն ակնարկեց, որ այսօրվա իշխանությունները շարունակում են ՀՀԿ-ի սկսած ծրագրերը. «Այն գլոբալ ծրագրերը, որոնք մենք սկսել ենք կամ դրել դրանց հիմքերը, նրանք շարունակում են: Եթե վատն են դրանք, ապա չպետք է շարունակեին: Մեզ համար կարևորն արտաքին խնդիրներն են, ԼՂ հարցը, որի մասով մտահոգություններ ունենք, ուստի հույս ունեմ, որ կարվի այնպես, որ խորհրդարանում որոշումները չեն հակասի այն տրամաբանությանը, որը նախկինում եղել է: Դա շատ կարևոր է»:

Yerkir.am-ի հարցին`եթե ՀՀԿ-ն չհաղթի, ի՞նչ ապագա է նրան սպասվում, Աճեմյանը վստահեցրեց, որ հաղթելու են. «Նախ` մենք կհաղթենք, մյուս կողմից` կյանքը խորհրդարանով չի վերջանում: Բայց մեր շանսերը բարձր եմ գնահատում` հաշվի առնելով վերջին ամիսներին արձանագրված գնաճը, տնտեսական ցուցանիշների անկումը: Եթե մարդու կյանքը չի լավացել 6 ամսում, ուրեմն նա մտածելու տեղ ունի»:

ՀՀԿ-ական գործիչը նորմալ է վերաբերում այն փաստին, որ որոշ նախկին կուսակիցներ ընտրություններին մասնակցում են «Իմ քայլի» ցուցակով. «Մարդիկ ձգտում են իշխանության: Շատերը սպասում էին, որ դեպի այլ կուսակցություններ ավելի մեծ հոսք կլինի»: