կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 18:09
Քաղաքական

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ պետք է դառնան նախարարություն. Փաշինյան

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ պետք է դառնան նախարարություն. Փաշինյան

Պետական մարմինները միանշանակ պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ոստիկանության և ԱԱԾ-ի հետագա կարգավիճակին:

«Եթե ոստիկանությունը նախարարություն դառնա, կստացվի, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար: Դրանից բխում է, որ այդ ուժային կառույցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու է: Այսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության և, ընդհանրապես, իրավական համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այնտեղ փոփոխությունները, այդ թվում` կադրային փոփոխությունները, լինում են բալանսավորված, որպեսզի համակարգի կայունությունը չխաթարվի, դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի: Իսկ նախարարի պաշտոնը հայեցողական է, ինչը նշանակում է, որ կարելի է ցանկացած մեկին նշանակել ուժային կառույցի ղեկավար»,- նշեց վարչապետը և հավելեց` տվյալ պարագայում կան որոշակի չափորոշիչներ, օրինակ` ոստիկանապետը պետք է լինի ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնյա:

Ըստ Փաշինյանի` դա որոշակի բալանսավորված մոտեցման է բերում:  «Իսկ որ ոստիկանությունը և, ընդհանրապես, կառավարության մարմինները պետք  է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, դրա հետ ես համաձայն եմ»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ աննախադեպ է, որ ԱԱԾ տնօրենն անձամբ գնացել է ԱԺ և մասնակցել բյուջեի կատարողականի քննարկումներին:

Ինչ վերաբերում է հարցին` ինչո՞ւ կառավարության ծրագիրն Ազգային ժողով չի հասնում, վարչապետը պատասխանեց. «Քանի որ նախարարությունները պետք է միավորվեն և 12 նախարարությունների մեջ տեղավորվեն, այս պրոցեսն ուզում ենք իրականացնել առավել անցնցում: Ոչ թե դե յուրե իրականացնենք, հետո պրոցեսը դե ֆակտո սկսենք, այլ` հակառակը»: