կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-28 20:14
Մշակույթ

Եթե աշխատանքները չարվեն, ինձնից չնեղանաք. Արմեն Ամիրյանը դժգոհ է եկեղեցիների վերականգման աշխատանքներից

Եթե աշխատանքները չարվեն, ինձնից չնեղանաք. Արմեն Ամիրյանը դժգոհ է եկեղեցիների վերականգման աշխատանքներից

Դժգոհ եմ, լավ չի վիճակը. կարծում էի՝ ավելի շատ արված աշխատանք պետք է տեսնեինք: Նման գնահատական տվեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ լրագրողների հետ այցելելով և տեղում ծանոթանալով  պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներին:

Նախարարը, փոխնախարար Արև Սամուելյանի և լրագրողների հետ անցելեց Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի  Թարգմանչաց վանք, այնուհետև Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Ս. Աստվածածին և Բյուրականի Արտավազիկ եկեղեցիներ: Երեքն էլ 7-րդ դարի կառույցներ, որոնք ժամանակի ընթացքում երկրաշարժի պատճառով, եղանակային պայմաններից ելնելով՝  այժմ կիսակառույց վիճակում են: Ի դեպ, երեքի վերականգնման աշխատանքներով էլ զբաղվում է «Արհովշին» ՍՊԸ-ն: Ճիշտ է, կառույցների վերականգման համար նախատեսված մրցույթն ուշ է անցկացվել՝ օգոստոսին, սակայն նախարարին չգոհացրեց կատարված շինարարական աշխատանքների ծավալը:

Այգեշատի  Թարգմանչաց վանքի վերանորոգման, վերականգմման աշխատանքները սկսվել են դեռ 2012-ից: Այս տարի նախատեսված աշխատանքների համար հատկացվել է 14 մլն դրամ: Այս տարի, սակայն, եկեղեցու վրա որևէ աշխատանք չի տարվել, չնայած շինարարական ընկերության ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանը պնդում է՝ եթե եղանակը բարեհաջող լինի, կփորձեն այս տարվա համար նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

«Կարծես թե գործ ունենք անբարեխղճության հետ: Ուզո՞ւմ եք ասել, որ երկու ամսվա չարված աշխատանքը երկու շաբաթում եք անելու՝ այն էլ, երբ եղանակները ցրտում են, իսկ +5-ի դեպքում արդեն իսկ չի կարելի աշխատանքները շարունակել»,-հետաքրքրվեց մշակույթի նախարարը և հավելեց, որ եթե աշխատանքներն ավարտին չհասցնեն, օրենքով նախատեսված կարգով են պատասխան տալու: «Ինձնից չնեղանաք»,-ասաց Ամիրյանը:

Շինարարներն ընդունեցին, որ, այո, թերացել են իրենց աշխատանքում, սակայն այնպես չէ, որ ոչինչ չեն արել՝ Թարգմանչած վանքի քարերն են տարել գործարան ու կարգի բերել: «Դժվարն արել ենք, մնում է՝ 2 շարքով պատերը բարձրացնենք, արտաքին խորշերը վերականգնենք, ավագ խորանը կարգի բերենք և հյուսիսային խորանի կամարը նորոգենք: Խոստանում ենք՝ 1 շաբաթ հետո աշխատանքի ծավալի 80 տոկոսն արված կլինի»,-խոստացան շինարարները:

Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Այգեշատի գյուղապետը՝ Ռոբերտ Հովսեփյանը, պնդեց, որ արդեն քանի տարի է՝ շինարարություն իրականացնող այս կամ այն ընկերությանն ասում է՝ եկեղեցու պատը բարձրացնելու համար անհրաժեշտ քարերը ոչ թե գնեն, այլ իրենց գյուղից վերցնեն.«Այդ քարերի համար նախատեսված գումարը եկեղեցու ներքին հարդարման վրա կծախսեն, ի վերջո, որ եկեղեցին կառուցվել է՝ մեր գյուղի քարերով է, չէ՞, սարքվել՝ հո սայլով այլ մարզերից չեն գնացել ու բերել»: Ի պատասխան մշակույթի նախարարը «Արհովշին»-ի ներկայացուցիչներին հանձնարարեց հաշվի առնել գյուղապետի առաջարկը:

Իրավիճակը մի փոքր այլ էր Իրինդի Ս. Աստվածածին եկեղեցում, որի վերականգման համար այս տարի հատկացվել է 27 մլն դրամ: Ս. Աստվածածինը եզակի կառույց է՝ 7 խորանով՝ այն համարվում է զվարթնոցատիպ կառույց: Եկեղեցու վերականգնող ճարտարապետը՝ Մերի Դանիելյանը, նշեց, որ 12 տարի է՝ ինչ փորձում են վերականգնել եկեղեցին: «Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել եկեղեցու վերականգման աշխատանքները, չնայած եղանակային պայմաններից ելնելով՝ չգիտեմ՝ կհասցնե՞ն շինարարները, թե՞ ոչ: Պետք է տանիքածածկույթը դրվեր, կղմինդրածածկույթ ունենար, հատակը բարեկարգվեր, խորանը, դռներ ու պատուհաններ տեղադրվեր. այս աշխատանքների մոտ 40 տոկոսն է հիմա արված»,-ասաց Դանիելյանը:

Իսկ թե ինչպես են գնալով ավելի ցրտող եղանակին հասցնելու աշխատանքի մնացած՝ 60 տոկոսն անելու՝ շինարարները հավաստիացրին, թե կարող են, կհասցնեն, սակայն Արմեն Ամիրյանը նկատեց.«Որակի հաշվին որևէ աշխատանք չպետք է արվի: Այնպես չստացվի՝ մենք եկանք, տեսնաք՝ աշխատանքի չի արվում ու հիմա փորձեք արագ-արագ ինչ-որ բան անել որակի հաշվին, որ ցույց տաք՝ հասցնում եք»:


Բյուրականի Արտավազիկ եկեղեցում առաջին անգամ է ամրակայման աշխատանքներ տարվում /հատկացվել է 11 մլն դրամ/: Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում. ավերված է ժողովատեղին և գմբեթը: Արտավազիկը չգործող եկեղեցի է, այն համարվում է ուխտատեղի:

Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը նշեց, որ այս տարի նախատեսված էր վերականգնել եկեղեցու հատակը, քայքայված պատերը, մասնակիորեն տեղադրել ժամանակին համարակալված քարերը…  «Ցավոք, միջոցները բավարար չեն՝ ամբողջությամբ եկեղեցին վերականգնելու, սակայն պետք է կանխենք դրա քայքայումը, ինչի համար անհրաժեշտ է նաև ջրահեռացման խնդիրը կարգավորել: Գետնախարիսխներից որոշ հատվածներ մասնակիորեն քայքայված են, դրանք նույնպես պետք է լրացվեն»,-ասաց Աբրոյանը:

Ամփոփելով երեք եկեղեցիներում էլ արված աշխատանքը՝ մշակույթի նախարարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, պատկերն առավել քան մտահոգիչ է: Նախարարը հանձնարարականներ տվեց՝ շինարարներին և տեխվերահսկողներին՝  յուրաքնաչյուր շաբաթ զեկուզել և ստուգել՝ ինչ ընթացքի մեջ են աշխատանքները: Հակառակ դեպքում, ըստ Ամիրյանի, նախարարությունը խիստ մեթոդների կդիմի և պատժամիջոցներ կկիրառի:

Հարցին, թե ինչո՞ւ ամռան տաք ամիսները չեն օգտագործվել՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ Ամիրյանը պատասխանեց, որ իրականում մրցույթն ուշ է անցկացվել: «Որպեսզի նույն իրավիճակում չհայտնվենք, հունվարյան տոներից անմիջապես հետ կհայտարարվի 2018-ի համար նախատեսված մրցույթը: Հուսանք, որ սահմանված ժամկետներում, այսինքն՝ մինչև տարեվերջ, շինարարներն էլ աշխատանքներն ավարտին կհասցնեն»,-ասաց նախարարը:

Ի դեպ, Ամիրյանը տեղեկացրեց նաև, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է այցելել Սանահին ու Քոբայր՝ տեղում իրականացվող աշխատանքներին ու խնդիրներին ծանոթանալու: