կարևոր
5632 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-13 23:02
Քաղաքական

Մի ահավոր բան պետք է ասեմ. օրերս թաղման բյուրոյում էի, դռանը հայտարարություն կարդացի. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ պետք է ամեն ինչ անել, որ իշխանությունները չհասցնեն ոչինչ ստորագրել:

«Սրանք պատրաստ են ամեն ինչ զիջելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ ընդդիմությունն ի՞նչ է անում, որպեսզի իշխանությունները ստորագրեն, նա պատասխանեց. «Իրականում, ամենամեծ հարցը, որն այսօր կա՝ այն է, որ հասարակությունը տագնապ չի զգում, տագնապած չէ: Չեմ ասում, թե մենք գերաշխատանք ենք ծավալում, հասարակությունը մեղավոր է, ո՛չ, ավելին պետք է անենք, բայց առաջին հերթին հասարակական տագնապն է, որ մարդիկ զգան, թե ուր ենք մենք գահավիժում: Շատ խաղաքարտեր չեմ ուզում բացել, բայց առաջիկա օրերին ինչ-որ բաներ պարզ կլինեն: Աշխատանքն ամենօրյա է»:

Դիտարկմանը, թե երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է խաղաղության պայմանագիր կոչվածը, այդ օրը Բաղրամյան պողոտան լեցուն էր մարդկանցով, այսինքն՝ հասարակությունը զգում է վտանգները, և խնդիրը երևի ավելի շատ այն է, որ ընդդիմությունը դասեր չի քաղել, օրինակ՝ «Դիմադրություն» շարժման սխալներից, և չի փորձում նոր թափ հաղորդել պայքարին, նա արձագանքեց.

«Այն, ինչ տեղի է ունեցել, դրա վրա, բնականաբար, հազար ու մի վերլուծություն է եղել: Ամսի 14-ին ժողովուրդը հավաքված էր, առավոտվա ժամը 4-ին մենք ելանք ժողովրդի առաջ խոսելու, այդ պատկերն էլ պետք է լրատվամիջոցները նկարեին, որ պարզ լիներ՝ հարցը երկարատև պայքարի կարողություն ունենալու մեջ է: «Դիմադրություն» շարժումը կասեցրեց զիջողական ընթացքի գործնականացումը»:

Նա վտանգավոր է համարում խաղաղության պայմանագրի ձևակերպումը. «Ադրբեջանի հետ ստորագրվելիք այդ թուղթը պատերազմի պայմանագիր է Հայաստանի համար, ոչ թե՝ խաղաղության: Այդ զիջումները պատերազմի են բերելու: 2021թ. խորհրդարանական ընտրություններում Նիկոլն ասում էր՝ խաղաղություն եմ բերելու, եթե ընդդիմությունը հաղթի՝ պատերազմ է բերելու: Հաղթեց ինքը, բայց խաղաղություն բերե՞ց, պատերազմ բերեց, ամեն օրը մահ է: Խաղաղության մասին խոսողները մահ բերեցին: Մի ահավոր բան պետք է ասեմ՝ օրերս թաղման բյուրոյում էի, դռանը հայտարարություն կարդացի՝ զինվորներին սպասարկում են առանց հերթի: Ամենաահավոր բանն էր, որ տեսել էի՝ զինվորի մահը առօրյա է դարձել: Իրենց չեմ մեղադրում, մի փոքր սրտացավություն կարող են դրսևորել, որ հերթ չկանգնեն զինվորի հարազատները, բայց առօրյա է դարձել»:

Հարցին՝ ընդդիմությունն ամեն ինչ անելո՞ւ է, որ թույլ չտա «խաղաղության» պայմանագրի ստորագրումը, Մանուկյանը պատասխանեց. «Այո՛: Նույնիսկ ստորագրությունը վերջը չէ, դա դեռ պետք է մարսեն կամ հազար ու մի տեսակի ընթացակարգերով անցնեն: Իրականում, մեր պայքարը ոչ թե Նիկոլին հանելն ու մեկ ուրիշին դնելն է, այլ այս կործանարար քաղաքականությանը վերջ տալն է: Այս երկու տարվա պայքարը իշխանության համար պայքար չէ, սովորական պայքար չէ: Հիմա ով էլ գա իշխանության, մահապարտի գործ է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում