Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած շաբաթավերջին հրապարակվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի նամակի վերաբերյալ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հայտարարությունը, որը, սակայն, իրականում հեղինակել էր այդ ասոցիացիայի նախագահ, ռազմաքաղաքական հայտնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Հայտարարության հասցեատերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն են' ի դեմս Հայաստանում դրանց դեսպանների, որոնց արդեն իսկ փոխանցվել է դրա տեքստը:
Հայտարարության հիմնական նպատակը Բալայանի' մեկ շաբաթվա վաղեմության բաց նամակը և այն գրելու մոտիվացիան ամբողջությամբ պաշտպանելն էր, և դրա իրական նշանակության, այսպես կոչված, բացահայտումը: Ըստ այդմ' «Զորի Բալայանի նամակը նպատակաուղղված է այն բանին, որ ռուսաստանյան պետության ղեկավարը ձեռքի տակ ունենա Անդրկովկասի քաղաքական պատմության' գիտականորեն ճշտորոշված, փաստերի առումով` հավաստի և համակարգված շարադրանք, որը հիմնավորված է միջազգային գիտական հանրության կողմից ճանաչված աղբյուրներով»,-ասում է հայտարարության հեղինակը' ավելացնելով, թե նամակի հիմքում ընկած է «հայ ժողովրդի նկատմամբ ողբերգական սխալների կրկնության անթույլատրելիությունը»:
Քոթանջյանի նկատառումները, առավելևս` դրանց հրապարակումը հայտարարության ձևաչափով, ոչ մի կերպ չի կարելի համարել Բալայանի նամակի շուրջ հերթական փորձագետի հերթական դիտարկում' թեկուզ միայն այն պատճառով, որ այդ հայտարարության հասցեատերը ոչ թե ներքին լսարանն է, ինչպես Բալայանի նամակի դեպքում էր, այլ` ողջ միջազգային հանրությունը' ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների: Այսինքն` Քոթանջյանը ոչ միայն պաշտպանում է Բալայանի թեզիսները, փաստացի բորբոքում նոր կրքեր ու հանրային քննարկումներ դրանց շուջ' թույլ չտալով թեմայի հնացում, այլև, ըստ էության, ապահովում է դրանց զարգացումը, հիմնական գաղափարի շուրջ քննարկումների ընդգրկման շրջանակի լայնացումը:
Այս իմաստով դա կարելի է համարել բալայանական նախաձեռնության երկրորդ էտապը: Ինքնին այս հանգամանքը հուշում է, որ ոչ միայն Բալայանի նամակը բացարձակապես պատահական չէր հրապարակվել, այլև որ սա Հայաստանի գրեթե պաշտոնական տեսակետն ու նախաձեռնությունն էր:
Խնդիրն այն է, որ որքան պատահական չէր հենց Բալայանի կողմից այդ նամակի հրապարակումը, կրկնակի պատահական չէր հենց Հայկ Քոթանջյանի միջոցով այն զարգացնելու և միջազգային հանրությանը ներկայացնելու քայլը: Քոթանջյանը ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր է, ունի Արտակարգ դեսպանորդի ու լիազոր նախարարի դիվանագիտական կարգ և հանդիսանալով ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետը' անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի մշակմանը, եթե չասենք` եղել է այդ գործընթացի հիմնական իդեալիստն ու մտավոր գեներատորը:
Քոթանջյանը հայաստանյան քաղաքագիտական և փորձագիտական շրջանակների այն եզակի ներկայացուցիչներից է, ում վերլուծությունները և դրանց հիմքում ընկած թեզիսները Հայաստանի սահմաններից դուրս միշտ ընկալվում են որպես ռազմաքաղաքական ոլորտում Հայաստանի իրականացրած քաղաքականության գաղափարական հիմնավորումներ:
Այն փաստը, որ հայտարարությունը Քոթանջյանը հեղինակել է իբրև Քաղաքագիտության ասոցիացիայի նախագահ, նախաձեռնության պաշտոնականությունը նրբորեն թաքցնելու նպատակ ունի, որն, իհարկե, պատահական չի արվում: Հայտարարությունը իբրև ասոցիացիայի նախաձեռնություն ներկայացնելը փաստացի միջոց է առաջին հերթին Բալայանի գրչով արտահայտված տեսակետները, հասարակական քննարկումների մակարդակից փորձագիտական և գիտական հարթություն տեղափոխելը:
Անկասկած, հայտնի քաղաքագետի այս քայլը չէր լինի, եթե հատկապես Բալայանի նամակը ակնհայտ դրական արձագանքի չարժանանար հասարակական, հատկապես` մտավորական շրջանակներում, և եթե դրա նկատմամբ քաղաքական ուժերն այս աստիճան` ուղղակի հանցավոր անտարբերություն ու անգործություն չդրսևորեին: Այս իմաստով Պուտինին ուղղված «մեսիջները» բալայանական գրչով, բաց նամակի ձևաչափով հրապարակելը պարզապես հասարակական կարծիքի թեթև շոշափում էր, ինչ-որ իմաստով` բաց թողնված «տեղեկատվական բադիկ», որի արագ և էֆեկտիվ մարսումը նամակի իրական հեղինակների համար հիմք դարձավ անելու երկրորդ`էությամբ շատ ավելի լուրջ քայլը, որը կատարելու «պատիվը» վերապահվեց, փաստորեն, Հայկ Քոթանջյանին:
Այս իրողությունը հուշում է, որ Հայաստանը հիմքեր է ստեղծում` փոխելու ռազմավարությունը ԼՂ հակամարտության կարգավորման և առհասարակ տարածաշրջանային գործընթացների համապատկերում, և դա ուղղակիորեն պայմանավորված է դեպի Մաքսային միություն ընթանալու հիրավի պատմական, շրջադարձային որոշմամբ: Իսկ թե ինչ ռազմավարական փոփոխությունների տրամաբանությամբ են արվում այս` առաջին հայացքից ոչ այդքան կարևոր, մասնավոր թվացող քայլերը, կանդրադառնանք առաջիկայում:
Գևորգ Դարբինյան