կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-09 16:04
Առանց Կատեգորիա

Երեք փաստարկ, թե ինչու Հայկ Մարությանը պետք է հեռանա քաղաքապետի պաշտոնից և ինչու պետք է անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Սամվել Ֆարմանյան

Երեք փաստարկ, թե ինչու Հայկ Մարությանը պետք է հեռանա քաղաքապետի պաշտոնից և ինչու պետք է անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը, Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկամյակին ընդառաջ, ներկայւացրել է երեք փաստարկ, թե ինչու նա պետք է հեռանա քաղաքապետի պաշտոնից և ինչու պետք է անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Վաղը՝ հոկտեմբերի 10-ին լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ գնահատելու առնվազն այն միտումները, թե որքանով է քաղաքապետը կարողանում իրագործել երևանցիներին տրված իր նախընտրական խոստումները։ Ընտրություններում երևանցիների 81 % աննախադեպ վստահությունը ստացած Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել, հիշեցնեմ, հետևյալ կարգախոսներով՝

• Մաքրելու ենք. Խաբել է՝ չի մաքրել։ Այս ընթացքում ոչ միայն չի մաքրել, այլ մայրաքաղաքն իր կառավարչական ապաշնորհության արդյունքում նախ հասցրել է թաղել աղբի մեջ, իսկ հետո՝ արդեն պետական ու համայնքային բյուջեից դուրս գրված մեծ միջոցների հաշվին փորձել է ու դեռ փորձում է իրավիճակը բերել գոնե նախկին զրոյական (ինքնին անընդունելի) կետին՝ դա ներկայացնելով որպես հերոսական ձեռքբերում։ 21-րդ դարի խոշոր քաղաքներում աղբահանությունը դա սմարթ գործընթաց է՝ աղբի հավաքումից ու տեսակավորումից մինչև դրա անվնաս չեզոքացում ու վերամշակում, մինչդեռ երևանցին այսօր էլ չգիտի, թե ինչ է արել Հայկ Մարությանն այս ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում և ինչ է պատրաստվում անել։

• Կառուցելու ենք. Խաբել է՝ չի կառուցել։ Համեմատե՛ք մայրաքաղաքում խաղահրապարակների կառուցման ամեն տարվան բաժին ընկնող վիճակագրությունը և կպարզեք, որ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում ոչ միայն չի կառուցել, այլև չի էլ հիշել իր նախընտրական այս կարգախոսի մասին։

• Բարեկարգելու ենք. Խաբել է՝ չի բարեկարգել։ Երևանի բազմահարկ շենքերի վերելակները փոխվե՞լ են։ Երևանցին գիտի՞, թե երբ ու ինչպես է Հայկ Մարությանը բարեկարգելու իրենց շենքի վերելակը։ Փոխարենը, ունենք բազմահարկ շենքերում ու վերելակներում վխտացող առնետներ ու Հայկ Մարությանի՝ նախ գլուխկոտրուկի, ապա ծիծաղի առարկա դարձած հոլովակի հիշողությունը, թե հնարավոր է իր չափերով ավելի փոքր վերելակային հորանում տեղադրել չափերով ավելի մեծ վերելակներ։ Նաև կիսավախվորած ակնարկները, թե վերելակային սպասարկման վճարը, դրանք փոխելու դեպքում, կարող է բարձրանալ։

• Վերականգնելու ենք. Էլի խաբել է՝ չի վերականգնել։ Թող ցույց տան, թե այդ ի՞նչ ու քանի՞ պոլիկլինիկա են վերականգնել ու որքանո՞վ է բարելավվել պոլիկլինիկական ծառայության որակը մայրաքաղաքում։

• Կանաչապատելու ենք. Խաբել է՝ չի կանաչապատել։ Մենք ապրում ենք Երևանում ու շատ լավ տեսնում ենք, թե ինչպես է Հայկ Մարությանը «կանաչապատել» կամ «ծաղկապատել» Երևանը։ Փոքրիկ շրջայց Երևանում՝՝ մեր իսկ բակերում, ու կտեսնենք, թե բացի օպերային հարակից տարածքի հայտնի «բեմադրությունից» որևէ այլ բան արվել է, թե՝ ոչ։ Երևանի կանաչ տարածքների չոր քարտեզն այս մասին բարձրաձայն խոսում է։ Մայրաքաղաքի կանաչ շատ տարածքներ ամռան ընթացքում այրվում էին կրակի մեջ, իսկ Հայկ Մարությանը օլիմպիական հանգստությամբ օժտված «միջազգային դիտորդի» դերում էր։

• Փոխելու ենք. Անխղճորեն խաբել է։ Մայրաքաղաքային տրանսպորտի վիճակը որևէ կերպ բարելավվե՞լ է։ Հուսահատության գազելներըը էլ չկա՞ն։ Մետրոյի նոր կայարա՞ն են սկսել կառուցել։ Խցանումները գոնե մեղմվե՞լ են։ Փոխարենն ունենք Հայկ Մարությանի կիսավախեցած ակնկարկները՝ դե, եթե ուզում ենք ավելի լավ ու ժամանակակից տրանսպորտ ունենանք, պիտի ուղեվարձը վերանայվի։ Ու սա այն դեպքում, երբ, ինչպես բոլորս հիշում ենք, իր անձնական մեքենայով քաղաքացիներ էր տեղափոխում՝ ի բողոք ուղեվարձի հնարավոր թանկացման։

• Ավելորդ է խոսել քաղաքային տնտեսության այլ կարևոր ուղղությունների մասին՝ համատիրությունների ռեֆորմներ, սմարթ լուծումների ինստալացիա մայրաքաղաքում և այլն։ Զրո ձեռքբերում։ Զրո։

Սա զուտ նախընտրական կարգախոսների իրագործման միտումների մասով։

Այս ամենին գումարվում է ևս մեկ՝ շատ ավելի կարևոր հանգամանք. ակնհայտորեն տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն։ Հայկ Մարությանն ու նրա թիմն այսօր չեն վայելում երևանցիների ոչ միայն 81, այլև անգամ 50%֊ի աջակցությունը։ Սա հայտնի է ինչպես սոցիոլոգիական հարցումներից, որոնք հասանեի են նաև Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ մայրաքաղաքային թեթև շրջայցի արդյունքում, ամենօրյա հարց ու փորձով։ Ի՞նչ են ասում երևանցիները։ Նրանք ասում են բառացիորեն հետևյալը. «Անցած տարի իրավիճակն այնպիսին էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն անգամ «պոլի փեդ» առաջադրեր, իրեն էինք ընտրելու»։ Չեմ ուզում մեջբերել, այն խոսուն բնորոշումները, որով երևանցիների մեծամասնությունն այսօր բնորոշում Հայկ Մարությանին… հուշում են վերադառնալ մեծ էկրան։

Ո՞րն է լուծումը։

Լուծումը պարզ է՝ երևանցիներին խաբած և իր նախընտրական խոստումները մոռացած, իր գործը կատարելապես ձախողած քաղաքապետը պիտի հրաժարական տա, և արդեն քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, պիտի անցկացվեն Երևանու ավագանու արտահերթ ընտրություններ։ Ավելորդ է ասել, որ Հայկ Մարությանի հրաժարականից հետո ավագանու «Իմ քայլը» դաշինքը պիտի իր կազմից չառաջադրի քաղաքապետի այլ թեկնածու ու չաջակցի որևէ այլ թեկնածուի և օրենքի թելադրանքով պիտի անցկացվեն վաղաժամկետ ընտրություններ։ Հայկ Մարությանից իր նեղ շրջապատում բողոքելու փոխարեն, արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը թող առաջադրի արդեն իր «սրտի թեկնածուին» և գնա ու կրկին ստանա երևանցիների մեծամասնության աջակցությունը ու էլի ստանձնի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը։

Միայն Երևանի՞ն է, արդյոք, վերաբերում Հայկ Մարությանի հրաժարականի խնդիրը։

Շատերն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե ցանկություն ունենա գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Ինչու՞։ Որովհետև այդ ընտրություններում պարզ կդառնա, որ նրա ղեկավարած ուժն արդեն չունի երևանցիների մեծամասնության աջակցությունը, ինչից, ինքնաբերաբար, նոր՝ շատ ավելի լուրջ հարցեր կծնվեն, քանի որ Երևանը մեր հանրապետության կեսն է իր ընտրողների թվով։ Սա հասկանալի է։ Բայց կա չափազանց կարևոր մեկ այլ գործոն, որը հուշում է ճիշտ հակառակի մասին, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը ընկալում է այնպես, ինչպես այն կա և կառչած չէ երկրի վարչապետի աթոռից։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում տեղական իշխանությունների միջանկյալ ընտրությունները կամ մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները, բացի ամեն ինչից, երկրի քաղաքական համակարգի կայունությունն ապահովող այն ոսկե մեխանիզմներն են, որոնք կիրառվում են հասուն ժողովրդավարության երկրներում ու ինչի կենսունակությունը բազմիցս ապացուցվել է։ Ավելի պարզ ասած, եթե երկրի քաղաքական համակարգը ցույց է տալիս ապակայունացման միտումներ (ցանկալին իրականության տեղ ընդունելու փոխարեն ինքներս դատենք՝ նման միտումներ կա՞ն, թե՞ չկան), ապա մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները կարող են ու պիտի լինեն այն օրինական, սահուն ու փափուկ մեխանիզմը, որը կարձանագրի քաղաքական իրավիճակի փոփոխությունը և կբացառի երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակի հետագա ապակայունացումը, դրանից բխող անընդունելի վտանգներով։

Այս երեք մայր գործոններով պայմանավորված՝ ձախողվել է իր պաշտում, գործ ունենք քաղաքական իրավիճակի ակնհայտ փոփոխության հետ, և Մարությանը չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը, ինչպես նաև այն, որ հրաժարականն ու արտահերթ ընտրությունները կօգնեն երկրի քաղաքական համակարգը զերծ պահել հնարավոր ապակայունացումից, Հայկ Մարությանը պիտի հեռանա, ու դա բխում է ոչ միայն երևանցու ու Հայաստանի Հանրապետության, այլ նաև հենց իշխող ուժի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից»։