Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի առթիվ փորձեցինք կապ հաստատել շարժման ակունքներում կանգնած գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանի հետ՝ հասկանալու, թե ինչ մտորումներով է դիմավորում Արցախյան շարժման 36-րդ տարեդարձը։ Զորի Բալայանի հանրային խոսքը լսել և լսելի դարձնել, ցավոք, չկարողացանք՝ նրա վատառողջ լինելու պատճառով։ Այնուամենայնիվ, խոսեցինք նրա որդու՝ Հայկ Բալայանի հետ՝ փոխանցելով հանրությանը հետաքրքրող հետևյալ հարցադրումը․ որտե՞ղ է Արցախյան շարժման ակունքներում կանգնած Զորի Բալայանը և ինչո՞ւ է պասիվացել։
«Մի քանի օր առաջ լրացավ նրա 89-ամյակը, բայց վերջին 4 տարիների ընթացքում առողջական լուրջ խնդիրներ ունի, որի պատճառով չի կարողանում հանրային ակտիվություն ցուցաբերել»,- ասաց մասնագիտությամբ բժիշկ Հայկ Բալայանը՝ պատմելով դրվագներ ինչպես Զորի Բալայանի մասին, այնպես էլ՝ իր մանկությունից։
«Ես երեխա էի, առաջին անգամ էյֆորիա բառը լսել եմ հայրիկիցս։ Շուշիի, Լաչինի ազատագրման օրերն էին, լրագրողին հարցազրույց տալիս հայրս ասաց՝ չի կարելի հիմա էյֆորիայի մեջ ընկնել, էդ էյֆորիան մեզ կքանդի։ Երբ հարցազրույցն ավարտեց հարցրեցի՝ պապ էյֆորիան ի՞նչ է, բացատրեց բառի իմաստն ու ասաց՝ ոգևորության մեջ ընկնել պետք չէ, քանի որ հաղթանակը պահելն ավելի դժվար է լինելու»,- ասաց Զորի Բալայանի որդին։
«Նույնիսկ ծայրահեղ վատառողջ վիճակում, երբ Արցախի շրջափակման օրերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ էին տեղի ունենում, կադրերը տեսնելով՝ հուզվեց, բռունցք արեց… Բռունքն իր սիմվոլն է, պայքարի՝ իր ճանապարհը միշտ բռունցքված է անցել, իսկ այսօր թշնամի երկրի նախագահն է Արցախում բռունցքներ անում, իբրև՝ «հաղթել են», - հավելեց զրուցակիցը։
Հայկ Բալայանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է այսօր մեզ հարկավոր 88-ի զարթոնքն ունենալու համար.
«Շարժման զարթոնքի վերածնունդ ունենալու համար պետք է ժողովուրդը լինի նախ բռունցքված, միասնական, համախմբվի Մայր եկեղեցու, ազգային նպատակների շուրջ։ Մեկ բառով ասած՝ պետք է բռունցքվի ազգը, բոլորը պետք է տարաձայնությունները դնեն մի կողմ։ Անշուշտ, հիմա բռունցքվելն ավելի դժվար կլինի, քան՝ 88-ին, քանի որ 88-ի ոգին ուրիշ էր, մարդկանց մեջ հավատ կար, հույս կար։ Ժողովուրդը հիմա պառակտված է, մեզ սպանում է պառակտվածությունը։ Հայրս իր «Անդունդ» գրքում, կարծես, կանխատեսել է, որ եթե մեր ժողովուրդը, իշխանություններն այսպես շարունակեն՝ պառակտելով ու պառակտվելով, այդ պառակտվածությունը մեզ տանելու է անդունդ»,- ասաց Զորի Բալայանի որդին։
Հերմինե Զեյնալյան