կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 14:03
Հասարակություն

Բալայանի բարձրացրած հարցերը չարյաց փոքրագույնն են. Հաղթանակ Շահումյան

Բալայանի բարձրացրած հարցերը չարյաց փոքրագույնն են. Հաղթանակ Շահումյան

Զորի Բալայանի սենտիմենտալ, լացակումած նամակից կարելի է եզրակացնել, որ ուրիշ ճար չգտնելով` նա դիմել է Պուտինին, բայց, մյուս կողմից, Բալայանը շատ բանիմաց մարդ է. լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գրող, նկարիչ Հաղթանակ Շահումյանը` անդրադառնալով Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակին:

 

Շահումյանի հավաստմամբ, իրականում Բալայանը փորձված հրապարակախոս է եւ անպայման մի դրդապատճառ ունեցել է նման նամակ գրելու:

 

«Այն, որ Ղարաբաղի հարցը փակուղի է գնում եւ այն լուծվելու է ի վնաս մեր ժողովրդի, դա փաստ է: Դուք կառչում եք փրփուրներից. Բալայանի բարձրացրած հարցերը չարյաց փոքրագույնն են: Նամակում ընդամենը շարադրանք էր պատմական անցքերի եւ ամբողջ խնդիրը նամակի դրդապատճառի մեջ է. դրդապատճառներով տագնապահարույց են»,-ասաց Շահումյանը:

 

Ըստ նրա` Բալայանը մեր միջավայրում տեղյակ մարդկանցից մեկն է եւ գիտի, թե ինչեր են կատարվում Ղարաբաղի շուրջ, ու հաշվի առնելով այս ամենը` նա կարող էր ուղղակի նամակ գրել եւ ուղարկել Պուտինին, ոչ թե բաց նամակով հանդես գալ.«Նամակը գրվել է հանրային քննարկման նյութ դառնալու համար: Մենք նման կրքոտ քննարկումներով արդյո՞ք ավելի արժեքավոր չենք դարձնում այդ նամակը, ավելի լրջացնելով հարցը` նամակի իմաստն ենք կարեւորում: Սակայն եթե մեր ժողովրդին մտահոգում է այս խնդիրը, բայց լավ կլիներ, որ մասնագետներն իրենց պատասխանը տային»: