կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 14:33
Քաղաքական

ՄԱԿ-ում դեմ քվեարկելը չարյաց փոքրագույնն էր. Արամ Մանուկյան

ՄԱԿ-ում դեմ քվեարկելը չարյաց փոքրագույնն էր. Արամ Մանուկյան

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով երեկ ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ Հայաստանի քվեարկության մասին, նշեց, որ նախ` իր համար տարօրինակ էր, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց մեկ բան, բայց հետո արեց ուրիշ բան, ինչը հերթական անգամ նսեմացրեց մեր դիվանագիտության արժեքը: Ըստ պատգամավորի` նման իրավիճակը արդյունք էր Հայաստանի դիվանագիտության սխալ հաշվարկի:

 

«Ինչ հայտարարում ես, պետք է բացատրես, թե` ինչու: «Դեմ»-ն ու «ձեռնպահ»-ն էլ պետք է բացատրես, թե ինչու ես այդպես քվեարկում: Մեր դիվանագիտությունը, անշուշտ, պետք է հաշվի առներ կարևոր մարտահրավերները՝ ռազմավարական գործընկերությունը և Արցախի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Հարցին` արդյո՞ք ճիշտ քվեարկություն էր դա, պատգամավորը պատասխանեց, որ այդ իրավիճակում, այսինքն՝ սխալ դիվանագիտության արդյունքում, չարիքի փոքրագույնը դեմ քվեարկելն էր:

 

«Դրան նախորդող էնքան սխալներ են եղել, որի արդյունքում մենք հասանք այս թիթեռնիկային քաղաքականությանը` մեկ` Եվրոպա, մեկ՝ Ռուսաստան: Լուրջ դիվանագիտական գործընթացը չէր բերի այս խեղճ իրավիճակին, որում հայտնվել է Հայաստանի դիվանագիտությունը: Սա այն վիճակն է, երբ ինչ քայլ էլ անում ես, արդեն Հայաստանի շահը չի, այլ ուրիշի թելադրանքն է»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանն այսօր լուրջ դիվանագիտական ծրագիր չունի, ասելիք չունի, այլ ելնում է այն հանգամանքից, թե որ կողմն է ուժեղ ճնշում գործադրում իր վրա:

 

Պատգամավորը չի տեսնում լուրջ արտաքին քաղաքականություն, որին հետևում է Հայաստանը, և ոչ ոք համոզված չէ, որ մեկ ամիս անց Հայաստանի արտաքին դիվանագիտությունը մեկ այլ կոնցեպցիա չի որդեգրի: Ըստ նրա` Արցախյան պատերազմի և պետականության կայացման տարիներին Հայաստանը շատ լավ հարաբերություններ է ունեցել Եվրոպայի հետ, ինչպես նաև հրաշալի ռազմավարական ու տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Եվ Ռուսաստանի շահը տեղավորվել է Հայաստանի շահերի հետ՝ եվրոպական կառույցներում ինտեգրվելու առումով:

 

«Խելոք ղեկավարը նա է, ով ունենում է շատ բարեկամներ ու կարողանում է աշխատել մի քանի համակարգերի հետ: Բայց այսօր Հայաստանը զրկված է այդ հնարավորություններից: Հիմա տարբեր ճնշումների արդյունքում Հայաստանը ստիպված է ընտրել , թե որ «կամ»-ը պետք է ընտրել, սա է ողբերգությունը: Մենք դիվանագիտություն չունենք, Հայաստանն այլևս ինքը չի որոշում իր արտաքին վեկտորները: Եթե մի պահ Եվրոպան ուժեղանա, իսկ Ռուսաստանը թուլանա, ի՞նչ է անելու Հայաստանը: Չունի այն ներուժը, որ ասի, անի ու տակից դուրս գա»,- ասաց Արամ Մանուկյանը: