կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-20 13:59
Հասարակություն

Միջազգային մի շարք հարցերի վրա կառավարությունը պետք է թքած ունենա. Հաղթանակ Շահումյան

Միջազգային մի շարք հարցերի վրա կառավարությունը պետք է թքած ունենա. Հաղթանակ Շահումյան

Մեր ժողովրդի մեջ հայրենիքի հանդեպ այսչափ նվիրվածության մշակույթն ընտանիքներից է գալիս, և հրաշալի է, որ տնտեսական ու քաղաքական այս թոհուբոհի մեջ մենք չենք կորցրել մեր այդ ունակությունը. այսօր լրագրողին ասաց նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Ըստ նրա` սակայն պետք չէ հույսը դնել միայն սրա վրա, քանի որ մենք պետականություն ունենք, և անհրաժեշտ է խնդիրներն այլ եղանակով լուծել:

«Այս օրերին, մեր զինվորներից բացի, ինձ ուրախացնում էր գյուղացին, որն այնքան պարզ ու հասարակ լեզվով էր խոսում պատերազմի մասին, ու դա հասկանալի էր, քանի որ նա ապրել է թուրքի հետ կողք կողքի: Բայց պետք է ասեմ նաև, որ մենք, խելոք ժողովուրդ լինելով հանդերձ, դասեր չենք քաղում ուրիշների օրինակներից. պետք է անպայման գա` մեր գլխով էլ փորձանքն անցնի, որ նոր հետևություններ անենք»,- ասաց Շահումյանը:

Նրա կարծիքով` միջազգային ասպարեզում Ադրբեջանը բավականին հեղինակազրկվել է, և հիմա հայկական դիվանագիտությունը պետք է աշխատի: Հայկական դիվանագիտությունը, սակայն, ըստ Շահումյանի, կաղում է այս հարցում: Արվեստագետն առաջարկում է ստեղծել խորհուրդ, որում գուցե կլինեն դրսի հայ դիվանագետները և նման պահերին կկարողանան ճիշտ կողմնորոշվել` ինչ է պետք անել միջազգային ասպարեզում: «Միջազգային ասպարեզում սխալ ենք մեզ պահում, ոչ արժանապատիվ»,- կարծիք հայտնեց Շահումյանը:

Անդրադառնալով լուրերին, թե շուտով նախագահ Սերժ Սարգսյանը կոչով դիմելու է ժողովրդին, նա նշեց, որ մինչ այս էլ` Սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ նախագահը ելույթով հանդես եկավ, շատ կարևոր մի բան խոստացավ` հաշվի նստել հանրային կարծիքի հետ: Հիմա, ըստ նկարչի, եթե, իրոք, հաշվի նստեն հանրային կարծիքի հետ, շատ բան կփոխվի, և երկիրն էլ օրինակելի երկիր կդառնա: «Մի բուռ ժողովուրդ ենք, իրավունք չունենք մեզ բզկտելու: Հիմա ժամանակն է` ոչ սովորական ձևերով մեր երկիրը կառուցենք, միջազգային մի շարք հարցերի վրա կառավարությունն ուղղակի պետք է թքած ունենա»,- ասաց նա:

Իսկ թե ԼՂ հարցի ի՞նչ լուծում է տեսնում, Շահումյանը պատասխանեց, որ, այնուամենայնիվ, չարանալ հարևանի դեմ, անգամ` երբ հարևանդ թուրքն է, լավ բան չէ: «Ուրիշ հարց է, եթե կարողանաս, նրա հետ խաղաղ ապրելով, քո շահն առաջ տանել»,- ասաց նկարիչը: