կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-14 10:42
Աշխարհ

Ընտրվեց չարյաց փոքրագույնը

Ընտրվեց չարյաց փոքրագույնը

Վերջերս «Երկիր»-ն անդրադարձել էր Վանաձորի կենտրոնական հրապարակում կատարվող շինարարությանը, որ ամիսներ առաջ ձեռնարկել էր քաղաքի մեծահարուստներից մեկը` Գագիկ Հովսեփյանը (Եղիշի Գագո):

 

Վանաձորցիները գրեթե կասկած չունեին, որ, շինարարությունն իրականացնելով, Գ. Հովսեփյանը ոչ միայն փորձում էր իր ճաշակով «ժամանակակից» տեսքի բերել սեփական «Գուգարք» հյուրանոցն ու, ակամա, նաև կենտրոնական հրապարակը, այլև այդ շինարարությամբ ներկա քաղաքապետի հանդեպ իր քամահրանքն արտահայտելու լռին մի եղանակ էր գտել (Եղիշի Գագոն նախընթաց ընտրություններում պարտվել է գործող քաղաքապետին, իսկ նշված շինարարությունն իրականացվում է հենց քաղաքապետի «քթի տակ»` քաղաքապետարանի դիմաց):

 

Նախորդ անդրադարձում խոսվում էր նաև նոր կառույցի ճարտարապետական արժեքի մասին, մասնավորապես` շեշտադրվում էր այն իրողությունը, որ կառույցը ճարտարապետական տեսանկյունից ոչ միայն անարվեստ է, այլև որոշակիորեն արևելա-մուսուլմանական տեսք է հաղորդելու թե՛ հյուրանոցի շենքին և թե՛ հրապարակին:

 

Իսկապես, ավտոկայանատեղիի համար անհրաժեշտ 16 հենասյուները երեսպատելով հարևան մահմեդական երկրից բերված մզկիթային ոճի զարդանախշեր ունեցող պլաստմասսայե ինչ-որ նյութերով` թամանյանական նախագծով կառուցված հրապարակը միանշանակորեն «մուսուլմանականանալու» էր, ինչը թույլ չտալուն էլ միտված էր թերթի հրապարակումը:

 

Թերևս այդ հրապարակումից խրախուսված` կառույցի «անճաշակության» մասին առաջին անգամ հրապարակավ արտահայտվեց նաև մինչ այդ լուռ քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Բայց ամբողջ այս պատմության մեջ զարմանալին այն է, որ շուտով հետևեց հյուրանոցատիրոջ որոշումը` հրաժարվել կառույցի հենասյուների երեսպատման նախնական տարբերակից, դրանք երեսպատել հայկական ոճով և հայկական արտադրության քարե սալիկներով: Միանգամայն ողջունելի քայլ, ինչը, անշուշտ, արժանի է դրվատանքի, եթե չհաշվենք հրապարակի վրա ավտոկայանատեղի կառուցելու անհեթեթ ջանադրությունը: