կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-09 17:50
Հասարակություն

Նոր բնակարանների ծրագիրը լինելու է շարունակական. Տարոն Մարգարյան

Նոր բնակարանների  ծրագիրը լինելու է շարունակական. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Արցախի 4-րդ նրբանցքի N 10 վթարային հանրակացարանի` 8 և Նոր Արեշի 35-րդ փողոցի N 127/1 շենքի 10 ընտանիքների. տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

 

Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում:

 

«Մեր սիրելի քաղաքի ծննդյան նախատոնական այս օրը հիշարժան է դառնում նաև ձեր ընտանիքների համար: Ու ես համոզված եմ, որ այսուհետ «Էրեբունի-Երևան»տոնակատարությունը ձեր ընտանիքներում առանձնակի ուրախությամբ է նշվելու: Իսկապես ուրախ եմ, որ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական առիթն օգտագործելով՝ ձեզ եմ հանձնելու այդքան երկար սպասված ձեր նոր բնակարանների բանալիները։ Շնորհավորում եմ ձեզ ու համոզված եմ, որ ինչպես ժողովուրդն է ասում, ձեր ոտքը նոր բնակարաններում խերով է լինելու, և նոր բնակարանը բոլորիդ համար նոր հաջողությունների սկիզբ է դառնալու։ Թող խինդն ու ծիծաղն անպակաս լինեն ձեր բնակարաններից ու երկար տարիներ առողջ և երջանիկ վայելեք այն»,- նշել է Տարոն Մարգարյանը։  

 

 2013-ին  նոր բնակարաններ են ստացել 4-րդ աստիճանի վթարայնության տարբեր շենքերում ապրող 116 ընտանիքներ: