կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-08 15:32
Քաղաքական

Գուրգեն Եղիազարյանը կօգնի Սերժ Սարգսյանին, եթե նա թույլ լինի

Գուրգեն Եղիազարյանը կօգնի Սերժ Սարգսյանին, եթե նա թույլ լինի

Ազգային անվտանգության նախկին ղեկավար, ՀԱԿ ակտիվ անդամ Գուրգեն Եղիազարյանը չի ուզի Սերժ Սարգսյանի կառավարությունում պաշտոն ստանալ. նրան անգամ ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չի գայթակղում: Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

Նման պաշտոններ, նշեց Եղիազարյանը, ինքը կզբաղեցնի միայն այն ցանկացած մարդու օրոք, ում ազգը կտա ձայների մեծամասնությունը:

 

«Իմ երկրի ողբերգությունը մի բանի մեջ է. էս անտեր երկրի նախագահը պետք է լեգիտիմ լինի, հենց նա լեգիտիմ չէ, մեր դժբախտությունը սկսվում է դրանից»,- նշեց Գուրգեն Եղազարյանը:

 

Լրագրողների դիտարկմանը, թե ժամանակին նման չհամագործակցության հայտարարություններ Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին էլ էր արել ու քննադատել, ՀՀՇ-ին անվանել «մարդասպանների կուսակցություն», բայց միացել էր նաեւ ՀԱԿ-ին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց, թե ինքը միշտ թույլի կողմնակիցն է եղել:

 

«Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ ես դիմում եմ գրել, դուրս եմ եկել: Ես պաշտպանել եմ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 27-ի գիշերը, երբ որ նա անօգնական գառնուկ է եղել: Իսկ այսօրվա ՀՀԿ-ի 99,9 տոկոսը` ԱԺ ներկայիս պատգամավորների, ինձ խնդրում էր, որ նրան չպաշտպանեմ: Երբ Ռոբերտ Քոչարյանը ձիու վրա էր, ես էլի նրան ընդդիմադիր եղա: Ես այսօրվա իշխանության ներկայացուցիչների նման երբեք ուժեղի թեւի տակ վասալ չեմ եղել: Վաղը, երբ դուք ընկնեք Սերժ Սարգսյանի հետեւից ու ասեք, որ նրան պետք է նստեցնել, ես նրան կարող է պաշտպանեմ` հենց իշխանության չեղավ, հենց եղավ անօգնական վիճակում»,- ասաց Գուրգեն Եղազարյանը:

 

Նա նշեց, որ ի տարբերություն շատերի, ինքը երբեք ՀՀՇ-ի անդամ չի եղել: Նա նշեց, որ սոցիալիստ է ու սոցիալիստ էլ մնացել է, ի տարբերություն իշխանությունների շատ ու շատ ներկայացուցիչների, ովքեր միշտ այնտեղ են եղել, որը ամենամոտն է եղել «պնակին»: