կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 14:18
Հասարակություն

Դաշտային հրամանատարների մակարդակով լուծելու հարց չէ. Գուրգեն Եղիազարյանը` 800 հեկտարի մասին

Դաշտային հրամանատարների մակարդակով լուծելու հարց չէ. Գուրգեն Եղիազարյանը` 800 հեկտարի մասին

Սամվել Բաբայանին հայ ժողովուրդը լավագույնս ճանաչեց որպես լավ գեներալ, գեներալի ուսադիրներն արդարացիորեն կրող մարդ` Արցախյան գոյամարտում. այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը`հավելելով, որ գերմանական հետախուզությունը նրա մասին դեռ տարիներ առաջ ասում էր, որ Աղդամի՝ Բաբայանի կողմից գլխավորած ազատագրումը կմտնի ռազմագիտության համաշխարհային պատմության մեջ:

«Նա ընդամենը 15-20 րոպեի ընթացքում վերցրել է Աղդամի գիծը: Ողջունում եմ Սամվել Բաբայանի` Հայաստան վերադարձը: Որպես հայ ազգի զինվոր` նա ճիշտ պահի վերադարձավ Հայաստան: Համոզված եմ, որ նրան համապատասխան պաշտոն կտան, քանի որ Հայաստանը դանդաղ, սակայն հաստատուն կերպով գլորվում է դեպի պատերազմ»,- ասաց նա:

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին`Եղիազարյանը նշեց. «Ադրբեջանը, հուրախություն մեզ, մինչ այժմ չէր ընդունում դրանք, սակայն երբ ընդունի, մենք կհայտնվենք դիվանագիտական փոսի մեջ: Միակ ելքն այդ ժամանակ գուցե պատերազմը լինի: Ինչ վերաբերում է 800 հա հողի կորստին, ապա այդ իրողությունը փոխեց դեպքերի ընթացքը: Սակայն ՊՆ լուրջ մասնագետները վստահորեն կլուծեն այդ հարցը՝ հաշվարկելով՝ արժե՞, թե ՞չարժե հետ բերել կորցրած այդ հողատարածքը: Սա դաշտային հրամանատարների մակարդակով լուծելու հարց չէ»:

Ի դեպ, նա ասաց նաև, որ առաջիկայում կհայտարարի` ինչո՞ւ  է շահարկվել Հովիկ Աբրահամյանի անունը` Ազատի կիրճի պատմությունների հետ կապված: «Աշնանը նաև կհայտարարեմ՝ ով կամ ովքեր են շահագրգիռ Գառնիում, Ազատի կիրճի պատմությունը հրահրելով, շահարկել Հովիկ Աբրահամյանի անունը»,- ասաց Եղիազարյանը: