Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի տնտեսությունում առկա են ինչպես ներքին մարտահրավերներ, այնպես էլ արդեն ավելի պարզ ուրվագծվող արտաքին մարտահրավերներ. լրագրողներին այսօր ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա ներկայացմամբ` այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները վկայում են, որ մի կողմից շարունակվում են նախորդ երեք տարիների միտումները, այսինքն` տնտեսական որոշակի աշխուժացում, այնուամենայնիվ, կա, բայց դրա հետ մեկտեղ առանձին ճյուղերում դանդաղել են աճի միտումները:
«Մասնավորապես` շինարարության ոլորտում, որը նաեւ տնտեսության աճի հիմնական ինդիկատորն է, այստեղ այն ակնկալիքները, որոնք կային, դեռ չեն իրականանում: Արտահանման եւ ներմուծման ասպարեզում կան մեզ համար ոչ ցանկալի միտումներ, այսինքն` նախորդ երկու տարիների հակառակ միտումն է, երբ որոշակի հուսադրող միտումներ արձանագրեցինք` ներմուծման աճի տեմպերին գերազանցող արտահանման աճի տեմպեր, այս տարի այդ միտումը չենք նկատում»,- նշեց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանը անդրադարձավ նաեւ գյուղատնտեսության ասպարեզին ու նշեց, որ, չնայած գործադրվող ջանքերին, բավականաչափ խնդիրներ են մնում: Ավելի կոնկրետ` խոսվում է մեծ ծավալների բերքի ստացման մասին, սակայն չի կարելի ասել, թե դա պետական ագրարային քաղաքականության արդյունք է: Տնտեսագետը նաեւ վերլուծեց իր մատնանշած խնդիրների հնարավոր պատճառները:
Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ նաեւ երկրի տնտեսական կյանքի աշխուժացման գործում կառավարության դերին ու նշեց, որ կառավարությունը, կարծես, վերարժեւորում է իր դերը: Մասնավորապես, վերջին մի քանի տարիներին հենց պետության անմիջական մասնակցությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել:
«Իսկապես պետք է այդ արհեստակլան երկչոտությունը մի կողմ դնել: Ես դա կապում եմ նեոլիբերալիստական մոդելի վախճանի հետ, քանի որ դա, ըստ էության, պատրանք է եղել: Բոլոր այն երկրները, որոնք ջատագովն են եղել նեոլիբերալ գաղափարախոսության, նրանք արդեն, պետության դերն ավելի արժեւորելով, լուրջ մասնակցություն են ունեցել գործարար ծրագրերին: Չկա այդպիսի պետություն, որը վերջին տասնամյակում մասնակցություն ունեցած չլինի երկրի բիզնեսին, տնտեսական կառավարմանը»,- նշեց Թ. Մանասերյանը` ավելացնելով, թե վաղուց ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը դա հասկանա եւ ընդունի:
Ըստ տնտեսագետի` ոչ թե պետք է միայն բիզնեսն ինքը գա կառավարության մոտ ու աջակցություն խնդրի, այլեւ հակառակը` պետությունն ինքն էլ պետք է գնա դեպի գործարար աշխարհ, փոքր ու միջին բիզնես եւ գտնի այն մրցունակ ճյուղերը, որոնք ունեն աջակցության կարիք:
Թաթուլ Մանասերյանը հայտնեց իր պատկերացումները, թե Հայաստանը տնտեսական քաղաքականություն վարելիս ինչպիսի ուղեգիծ պետք է որդեգրի: Նա նշեց, որ ինքը կողմնակից է սոցիալական-շուկայական տնտեսությանը` գերմանական մոդելին, քանի որ համարում է, որ այդ մոդելը լավագույնս կարող է ազդել Հայաստանի տնտեսական զարգացման վրա: