Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
20-րդ դարը երկնքից թափվող մանանա էր: Կորած, անհետացած ամենամոտ հարազատի նման անկախությունը երկու անգամ աշխարհով մեկ պտտվեց-պտտվեց, եկավ ու թակեց մեր դուռը: Մենք այն բացեցինք և, ինչպես մորը գտած որբ երեխա, ուրախությունից գլուխներս կորցրեցինք: Չհասկացանք էլ, որ նա եկել էր ոչ թե մեզ գուրգուրելու, այլ ինքը դրա կարիքն ուներ: Ինչպես դարասկզբին, այնպես էլ դարավերջին մենք պատրաստ չէինք գնահատել մեր կորած-մոլորված և թեկուզ պանդուխտի ցուպը ձեռքին ետ եկած անկախությանը:
Մենք, ինչպես գործուղումից կամ օտարությունից տուն վերադարձած հարազատից, մաստակ, գույնզգույն կոնֆետներ, բրենդային հագուստներ, շքեղ ավտոմեքենաներ էինք ակնկալում և, անկուշտ երեխայի նման չհագեցած, նրա բերած ամենաթանկ և ամենաանգնահատելի նվերից` ազատությունից, ավելին էինք պահանջում, ժամանակ առ ժամանակ թերագնահատելով, հեգնելով նրան` սիրահոժար տառապում էինք կարոտախտով: Իսկ կարոտախտն արդեն հազար տարի է` մեր գեներում այնպես է բնավորվել, որ ախտից վերածվել է կենսակերպի: Գենետիկական է մեր չԱնկախությունը: Մենք, փաստորեն, արժանի չեղանք նրան, որովհետև ակնկալում էինք ոչ թե ազատություն, ոչ թե ինքնուրույնություն, այլ հոժարակամ էինք մեր տան խնդիրների լուծումը թողնել, ինչպես ասում են՝ «հարևանի մարդուն»:
Անկախության 22 երկարուձիգ տարիները մեկ անգամ ևս մեզ եկան ապացուցելու, որ եթե դու չես կարող, չունես առկա խնդիրները լուծելու համապատասխան կամք, քո փոխարեն դա կանեն ուրիշները` իրենց քիմքին հաճո մեթոդներով: Ես քաղաքագետ չեմ և ոչ էլ պատմաբան, բայց վստահ եմ, որ չի գտնվի երկրագնդի վրա այնպիսի մի ազգ, որը պատերազմից հաղթանակած դուրս գալով և իր անկախությունը հռչակելուց ընդամենը 20 տարի անց՝ ապաշնորհ կառավարման պատճառով երկիրը հասցնի լիակատար կապիտուլյացիայի շեմին: Եվ, որ ամենասարսափելին է, դա, քաղաքական և հասարակական «ազդեցիկ» ուժերի գնահատմամբ, կհամարվի դրական գործընթաց:
Համատարած անպատասխանատվության, անտերության մատնված մի երկրում, որտեղ մարդկանց արժևորում են ոչ թե նրանց կատարած գործերով, սխրանքով, նվիրվածությամբ, քաղաքացիական ակտիվությամբ, այլ քծնելու կարողություններով, չի կարող արդար հասարակություն ձևավորվել, որն էլ համարվում է անկախ երկրի հիմնասյունը: Մեր անկախության «սյուները» այնպես են աղճատվել, որ նույնիսկ վերանորոգման ենթակա չեն: Դրանք պահող, պահպանողը ժողովուրդն է, որը 22 տարի առաջ ԱՅՈ ասաց և լուռումունջ ուսերի վրա կրեց անկախության` ցրտահարությունից քաղցրացած պտուղները: Սակայն, ցավոք, այդքան երազած քաղցրանուշ պտուղը, պարզվեց, դառնահամ կորիզով է:
Նախորդ դարասկզբին մեր բաժին անկախությունը միայն երկու տարի դիմացավ: Տառապանքի, ցավի, բայց հաղթանակի պտղատու երկու երկարուձիգ տարիներ… Այս մեկն արդեն քսաներկու տարեկան է: Վախենում եմ նույնիսկ մտածել, որ երկու դեպքերում էլ «երկու» թվանշաններն են գերիշխում, բայց այն, որ քսաներկու տարեկանում մեր անկախության գլխին կախված սուրն ուղղակի մարտակոչի ազդեցություն ուներ, անհերքելի է: Գուցե այդքան ցավագին չընկալեինք Մաքսային միություն մտնելու փաստը, եթե մեր «առաջնորդները» տարիներ շարունակ մեր ականջի տակ չբզզային Եվրոպական Միությանն անդամագրվելու ցանկության մասին: Արդեն պարզ է, որ ՄՄ-ն ոչ թե այլընտրանք է, այլ պարտադրանք, իսկ ցանկացած նման տիպի պարտադրանքից «մուրճ ու մանգաղի» հոտ է գալիս` անկախ նրանից` անունը ՄՄ է, թե` ԵՄ:
Փաստն այն է, որ ինքը` ժողովուրդը, մասնակից չէ այս որոշումներին, ինչից էլ կարելի է ենթադրել, որ անտեսված է: Այո, ցավոք, անկախության համար պայքարած, տոկացած, զոհեր տված ժողովուրդն այսօր հայտնվել է դեպքերին կողքից հետևողի կարգավիճակում: Եվ պետք չէ զարմանալ, որ երկրում անասելի արտագաղթ կա: Նման դեպքերում դա շատ բնական երևույթ է: Եթե տան անդամն անտեսված է, արհամարհված և զրկված ընտանեկան կյանքի կազմակերպման իրավունքից, բնականաբար, նա նախընտրելու է այլ ընտանիքներում «տաքուկ» անկյուն փնտրելը, թեկուզ եթե նոր ընտանիքում նա հայտնվելու է երկրորդականի կարգավիճակում: Չէ՞ որ վիճակը նետված է` կա՛մ քծնել, կա՛մ հեռանալ: Անկասկած, արժանապատիվ մարդու համար ընդունելի է երկրորդ (նորից` երկուս) տարբերակը: Ամենևին չցանկանալով արդարացնել երկրորդ տարբերակը կրողներին` շատ կուզենայի հեռանային քծնողները: Բայց, ցավոք, նրանց ոչ ոք այնտեղ չի սպասում, քանզի այդ ախտը այստեղ է նրանց հարկավոր: Չէ, որ նրանք, բացի քծնելուց, ոչնչի ընդունակ չեն՝ ո՛չ աշխատելու, ո՛չ արարելու, ո՛չ էլ ստեղծագործելու: Միգուցե դա է պատճառը, որ այսօր, երբ նշում ենք Անկախության 22-րդ տարեդարձը, փողոցներում անժպիտ, անսիրտ, մտահոգ դեմքեր են: Անկախության այս տոնը տոնում ենք յուրովի՝ մեկ երգչուհու մենահամերգով, ասել է, թե անկախության տարիներին, բացի նրանից, ուրիշ ոչ մի ձեռքբերում չունենք: Բայց արդյո՞ք չունենք:
Վիրավորական է, երբ մարդն անտեսված է, երբ անտեսված ես: Վիրավորական է, երբ այդքան երազած անկախությունդ դառնահամ է դառնում:
Իսկ չԱնկախությունն էլ ավելի անտանելի է:
Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Օրակարգ»