կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 22:30
Հասարակություն

Պտղի աճը եւ զարգացումը. ապագա մոր վարքը

Պտղի աճը եւ զարգացումը. ապագա մոր վարքը

Ներկայումս շատ և շատ հղիներ չգիտեն իրենց օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին` թե ինչպես է աճում փոքրիկը, ինչ գործոններ են ազդում նրա աճի վրա:

 

Հղիության կարևոր նշանները

Ենթադրյալ կամ կասկածելի նշաններ`

 

• առավոտյան սրտխառնոց, փսխում, համային և զգացողականության փոփոխություններ,

 

• փոփոխություններ նյարդային համակարգում` դյուրագրգռություն, քնկոտություն, դանդաղկոտություն,

 

• դեմքի մաշկի, պտուկների մուգ գունավորում,

 

• հաճախամիզություն,

 

• որովայնի շրջագծի մեծացում, կրծքագեղձերի կոշտացում: Հղիության հնարավոր նշանները (օբյեկտիվ այն նշաններն են, որոնք հայտնաբերվում են զննելիս)`

 

• կրծքագեղձերի մեծացում, կաթնախեժի առաջացում,

 

• դաշտանի բացակայություն,

 

• արգանդի ձևի, ծավալի և կառուցվածքի փոփոխություն,

 

• հեշտոցի և արգանդապարանոցի լորձաթաղանթների կապտություն:

 

Մարդու ներարգանդային աճը, որպես կանոն, բաժանվում է երկու հիմնական շրջանի՝ էմբրիոնալ շրջան (սաղմնային), որը տևում է բեղմնավորման պահից մինչև տասներորդ մանկաբարձական շաբաթը, և ֆետալ շրջան (պտղային)՝ տասնմեկերորդ մանկաբարձական շաբաթից մինչև ծննդաբերությունը:

 

Էմբրիոնալ շրջանի ընթացքում տեղի են ունենում բեղմնավորումը, պտղաձվի ներդրումը արգանդ, օրգանների ձևավորումը և այլ կարևոր պրոցեսներ, որոնց ընթացքում սաղմը 0,1մմ-ից հասնում է 3սմ-ի:

 

Պտղային շրջանի սկզբում արդեն ձևավորված են բոլոր կենսական կարևոր օրգանները, պտուղը սկսում է նմանվել նորածնին, սկսվում է արագ աճը և մարմնակազմության ճիշտ համաչափության կարգավորումը:

 

Ինչքան փոքր է հղիության ժամկետը, այնքան սաղմը և պտուղը զգայուն են բացասական արտաքին ազդակների նկատմամբ: Ամբողջ սաղմնային շրջանի ընթացքում հղիության ընդհատման ռիսկը տասն անգամ ավելի մեծ է, քան պտղային շրջանում: Հղիությունը ընդունված է բաժանել եռամսյակների, և երեք եռամսյակից յուրաքաչյուրն ունի մանկաբարձական առանձնահատկություններ ու ռիսկի գործոններ: Ցանկացած կնոջ անհրաժեշտ է ենթարկել նախածննդյան՝ պրենատալ ախտորոշման, որն իրականացվում է մի քանի փուլերով` պտղի զարգացման տարատեսակ ախտաբանություններ հայտնաբերելու նպատակով:

 

• 10-13-րդ շաբաթների ընթացքում հնարավոր է Դաունի և Էդվարդսի համախտանիշների նախնական ախտորոշում կենսաքիմիական և սոնոգրաֆիկ հետազոտությունների միջոցով:

 

• 16-18-րդ շաբաթներն ամենաօպտիմալ ժամկետն են այդ համախտանիշների, ինչպես նաև նյարդային խողովակի տարբեր դեֆեկտների հայտնաբերման համար: Պտղի առաջին շարժումը առաջնահղին զգում է հղիության 20-րդ շաբաթում, իսկ կրկնահղին՝ 18-րդ: Բայց հնարավոր են նաև այս ժամկետների տատանումներ, օրինակ` նիհար կանայք ավելի շուտ են զգում պտղի շարժը, քան ավելցուկային քաշով հղիները:

 

Հղիության 20-24-րդ շաբաթների ընթացքում պետք է կատարվի երկրորդ սոնոգրաֆիկ հետազոտությունը՝ պտղի բոլոր օրգանների վերջնական զարգացումը լիարժեք հետազոտելու նպատակով:

 

24-րդ շաբաթվա ընթացքում տարբեր ցուցումներով կատարվում է դոպլերոմետրիկ հետազոտություն՝ պլացենտայի արյան շրջանառությունը հետազոտելու նպատակով, ներարգանդային աճի դանդաղումը վաղաժամ կանխարգելելու համար: Հղիության

 

30-34-րդ շաբաթների ընթացքում կատարվում են սոնոգրաֆիկ հետազոտություններ` պտղի և պլացենտայի մինչծննդաբերական վիճակի որոշման համար:

 

Հղիությունը 38-րդ շաբաթում համարվում է հասուն, իսկ 40-րդում տեղի է ունենում ծննդաբերություն, թեեւ 2 շաբաթ ուշ և շուտը նույնպես համարվում է ժամկետային ծննդաբերություն:

 

Իսկ 42 շաբաթականից ավելի տևող հղիությունը համարվում է գերհասուն և պարունակում է որոշակի վտանգներ:

 

ԱՊԱԳԱ ՄՈՐ ՎԱՐՔԸ

 

Հղի կնոջ ամենակարևոր խնդիրը պտղի առողջության մասին հոգալն է: Հղի կինը պետք է ընդունի իր հետ կատարվող բոլոր արտաքին և ներքին փոփոխությունները, ելնելով դրանից էլ` կառուցի կյանքի ռիթմը և վարքը: Հղի կնոջը պետք է միշտ հարմար լինի նստելը, պառկելը, քայլելը: Անհրաժեշտ է մարմնի ճիշտ խնամք: Հիգիենայի տարրական կանոններին հետևելով` կարելի է կանխել բազմաթիվ խնդիրների առաջացումը:

 

Պետք չէ մոռանալ անվտանգության և կանխարգելման միջոցների մասին: Կնոջ որովայնի մեծացումը, քաշի ավելացումը նպաստում է մարմնի ծանրության կենտրոնի տեղաշարժմանը, փոխվում է հղիի քայլվածքը և կեցվածքը՝ «հղիի հպարտ քայլվածք»: Հնարավոր պատահականություններից խուսափելու համար հարկավոր է`

 

• հրաժարվել էժանագին և անօրակ կոշիկներից, բարձր կրուկներից,

 

• զգուշանալ սահուն հատակներից, ոլորուն սանդուղքներից, սառցապատ մակերեսներից,

 

• զգուշանալ լոգախցիկի սահուն հատակից,

 

• անհրաժեշտ է օգտվել անվտանգության գոտիներից ավտոմեքենաներում և ինքնաթիռում:

 

Գիտելիքների բացակայության պատճառով է, որ որոշ հղիներ վարում են սխալ ապրելակերպ, ունենում տարաբնույթ վախեր հղիության, հատկապես` ծննդաբերության վերաբերյալ: Պետք չէ զլանալ գտնել կարևոր գրականություն, ֆիլմեր, հոդվածներ հղիության մասին: Վերջապես, կարելի է այցելել ապագա մայրերի դպրոցներ, հուզող հարցերով դիմել սեփական գինեկոլոգին:

 

Այս խորհուրդներին հետևելով` կարելի է չվախենալ սեփական առողջության և պտղի զարգացման համար` այսպիսով` հղիությունը դարձնելով կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը:

 

Կուջոյան Լիլիթ


Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ,

գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու