կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 13:30
Իրավական

Հատուկ ծառայություններն իմացել են Հայրիկյանի դեմ մահափորձի մասին

Հատուկ ծառայություններն իմացել են  Հայրիկյանի դեմ մահափորձի մասին

Վաղը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կկայանա էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի բողոքի քննությունը: Լրագրողներին փաստաբանը հայտնեց, որ բողոքը բավականին ծավալուն է:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե վերաքննիչ դատարան դիմելը ձևական բնո՞ւյթ է կրում` հաշվի առնելով առաջին ատյանի վճռից հետո փաստաբանի այն հայտարարությունը, որ որքան հնարավոր է շուտ պետք է անցնեն բոլոր ատյանները, որպեսզի դիմեն Եվրադատարան, պաշտպանը պատասխանեց. «Եթե Հայաստանում հարցը լուծում չունի, պետք է այդ քայլին գնանք: Ես այն կարծիքին չեմ, որ նույն դատարանը կամ իրավաբանները  Սիրունյան Ալիկից քիչ գիտեն իրավաբանություն, բայց, հավանաբար, նրանք էլ մի բան գիտեն, որը ես չգիտեմ: Եթե ինչ-որ ձևով որոշված է, որ ամեն ինչ պետք լինի այսպես` թող լինի, ինչ ուզում են, թող անեն»:

 

Նշենք, որ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև մյուս ամբաստանյալները և նրանց պաշտպանները, իսկ տուժող Պարույր Հայրիկյանը` վերաքննիչ դատարան է դիմել քաղհայցով:

 

Խոսելով Սեդրակյանի առողջական վիճակի մասին` պաշտպանը հայտնեց, որ քրեակատարողական վարչության բուժծառայությունը նախագահի նախկին թեկնածուի մոտ լյարդի խնդիրներ է ախտորոշել: «Նա դիետիկ սնունդ է ընդունում, ինչի շնորհիվ նրան թույլատրում են հաճախ հանձնուքներ ստանալ, որի համար շնորհակալ ենք»,- ասաց նա:

 

Պաշտպանն այսօր հայտնեց նաև, որ մոտ երկու ամիս առաջ բավականին լուրջ մարդ իրեն ասել է, որ հատուկ ծառայություններն ունեն բոլոր փաստաթղթերն ու ձայնագրությունները, որոնք ապացուցում են Սեդրակյանի մեղքը, բայց քանի որ դրանք ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, չեն ներկայացվում: «Ես էլ ասացի, որ եթե Վարդանն, իրոք, դա արել է, պատժելի է, բայց հիմա ես միամիտ հարց տամ` իրո՞ք կան նման ձայնագրություններ: Ի՞նչ է ստացվում` Սեդրակյանը հատուկ ծառայություների աչքի առաջ կազմակերպում է մահափորձ,  ինչի՞ դա չեք կանխում»,- նշեց փաստաբանը: