Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանը պետք է համարձակություն հավաքի և Հայաստանում հանրաքվե անցկացնի` պարզելու` արդյո՞ք ժողովուրդը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը, ապա նոր ծրագրի հաջորդ քայլերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով` ինքն այս ամենը կանխորոշել էր, սակայն չէր սպասում, որ Հայաստանն այս քայլին կգնար խայտառակ ձևով` հիասթափեցնելով Եվրոպային:
«Ես ի՞նչ անեմ, որ կարողանում եմ կանխատեսել ավելին, քան որևէ քաղաքական գործիչ: Այս տարվա նախագահական ընտրություններին միակն եմ եղել, որ կոչ եմ արել այդ մոտեցման օգտին։ Ես սա լավ հաշվարկել էի: Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ, ինչպես քվեարկեց` այդպես էլ կլինի։ Այլապես կա'մ վատ է լինելու, կա'մ էլ խայտառակվելու ենք: Ես փետրվարին ասում էի` եկեք զբաղվենք երկրով, ես ոչ հաճոյախոսել եմ եվրոպացիներին, ոչ էլ` ռուսներին, ես միայն պարզապես գիտեմ մեր երկրի շահը»,- ասաց նա:
Ըստ Բագրատյանի` այդ որոշումն ընդունելիս ոչ մի ճնշում չի եղել ռուսների կողմից. «Ռուսները լուռ հետևում էին, իսկ մերոնք Եվրոպայում տնտեսական հաճույքներ էին վայելում` մոռանալով, որ մեզ մոտ ռուսական բազա կա: Դրա համար էլ Պուտինը կանչեց, ասաց` չհասկացանք, մենք հո ձեր համբալը չենք: Այժմ մենք 50 տարով չենք կարողանա եվրոպացիների հետ հարաբերությունները վերականգնել, իսկ ռուսների մոտ էլ տպավորություն ենք թողել, որ ցանկացած պահի կարող ենք իրենց էլ գցել»:
Բագրատյանը համարում է, որ Մաքսային միությանն անդամակցելն անհարմար պահի էր, ինչը մեզ ընդհանրապես ձեռնտու չէր: «Մեզ Մաքսային միություն պետք չէ, այնտեղ զարգացման հեռանկարները քիչ են»,- ասաց նա և հավելեց, որ Մաքսային միությունում մեզ սպասվում է ռուբլու գոտի: «Մենք հայտնվել ենք մի տարածքում, որտեղ 4 անգամ տարիֆները պետք է բարձրացնեն: Գտնվել մի միության մեջ, որտեղ երեք պետություններ էներգակիր ներմուծողներ են, նշանակում է փակել հանրապետության տնտեսությունը»,- նշեց բանախոսը:
Որպես հարցի լուծում` նախկին վարչապետն առաջարկում է` ՄՄ-ին անդամակցելուց հետո ստեղծել լուրջ հանձնաժողով , որը կքննարկի, թե ինչպես, օրինակ, չեզոքացնել էներգակիրների բացասական էֆեկտը: Բացի այդ` ժամկետ խնդրել միությունից` մեր տնտեսությունը միությանն անդամ մյուս պետությունների տնտեսություններին հարմարեցնելու համար:
Բագրատյանը նաև կատակում է. «Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր երկրի կուսակցությունները լրջորեն պետք է ուսումնասիրեն «Եդինայա Ռոսիա» կուսակցության կանոնադրությունն ու ծրագրերը»:
Սակայն, ըստ նրա, ՄՄ-ին միանալը դրական կողմ էլ ունի. «Կարող է կոնյակի և գինու արտադրությունը ծաղկել»: