Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի կոմպոզիտորների միության հերթական համագումարն էև օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էլ միության նախագահի ընտրությունն է: Yerkir.am-ի հետ զրույցում միության գործող նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ ունի կիսատ թողած գործեր և, բնականաբար, կուզեր պշարունակել պաշտոնավարել: «Ոչ ոք չի ուզում ոչինչ կիսատ թողնել: Ինչ վերաբերում է միության նախագահ լինել-չլինելուն, ապա դա էլ միայն Աստված է որոշում»,-ասաց Սաթյանը:
Նշենք, որ ըստ օրենքի՝ Սաթյանը հնարավորություն ունի պաշտոնավարել ևս մեկ ժամկետ:
Հիշեցնենք, որ 2013-ին, երբ միությունը նախագահ էր ընտրում՝ ընտրությունները շատ բուռն անցան. միության նախագահի պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ Ռոբերտ Ամիրխանյանը և Արամ Սաթյանը: Մինչ ընտրություններն էլ մի խումբ կոմպոզիտորներ դիմել էին ՀՀ նախագահին, մշակույթի նախարարին՝ նշելով, որ միության նախկին ղեկավարը՝ Ռոբերտ Ամիրխանյանը, խախտումներ անելով 22 տարի շարունակ նստել է այդ պաշտոնին: Կամպոզիտորներն ուզում էին, որ միությունում աուդիտ անցկացվի:
Ավելին՝ երիտասարդները սկսել էին դուրս գալ միության շարքերից, և շատերն էլ ասում էին, որ եթե միությունում ոչինչ չփոխվի, ԿՄ իրենց անդամատոմսերը «կնվիրեն» միությանը:
Միության անդամ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միություն Սաթյանի պաշտոնավարած այս 4 տարիների ընթացքում դրական տեղաշարժն ակնհայտ է: Ըստ Երկանյանի՝ այն, որ միությունում այլևս նախկին լարվածությունը չկա, իսկ այդ լարվածությունը տարիների ընթացքում կուտակվումների հետևանք էր, նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, լավ ընթացքի մեջ են գործերը: «Մինչ Սաթյանը միության միանձնյա ղեկավարումը մարդկանց համբերությունից դուրս էր հանել, յուրայինների ու ոչ յուրայինների բանակներ էին ձևավորվել, ինչը հիմա հարթվել է: Իհարկե, 4 տարին բավականին քիչ է, քանի որ առաջին երկու տարին Սաթյանի համար գործին ծանոթանալու ու դրա մեջ մտնելու ժամանակաշրջան էր, բայց, համենայն դեպս, հաջորդ երկու տարում էլ զգալի փոփոխություններ են եղել: Բնականաբար, չենք կարող ասել, որ բոլոր խնդիրները լուծվել են, սակայն դեպի դրականը տեղաշարժը նկատելի է: Դա վերաբերվում է միության անդամների բարոյահոգեբանական վիճակին, միությունում մեծ թվով համերգների առկայությունը, մի շարք տնտեսական ու շինարարական հարցերի հետ կապված խնդիրների լուծմանը»,-ասաց կոմպոզիտորը՝ հավելելով, որ բացի այդ՝ միությունում գործում է միության ռադիոն, թերթի առաջին համարն է լույս տեսնելու, արտասահմանում գտնվող կոմպոզիտորների հետ նոր կապեր են հաստատվել, մեր կոմպոզիտորների գործերն են սկսվել արտերկրում հնչել:
Կոմպոզիտորների Դիլիջանի ստեղծագործական տունը նույնպես, ըստ Սաթյանի, անմասն չի մնացել փոփոխություններից. միությունը նախատեսել է վերանորոգել քոլեջներից 5-ը: Երկանյանի խոսքով՝ դրանցից երեքն արդեն պատրաստ է, 2-ի վերանորոգման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են: «Դիլիջանի վերանորոգված 3 քոթեջը, ճիշտ է, քիչ քանակությամբ, բայց բերում է իր եկամուտը: Բայց եթե ունենանք 10 վերանորոգված քոթեջ, կնշանակի՝ Դիլիջանն էլ կլինի ինքնաբավ, ինչը կօգնի նաև տեղում միջոցառումներ կազմակերպելուն: Դիլիջանի ստեղծագործական տանն էլ տեղաշարժ, իհարկե, կա, մանավանդ՝ խնդիրը հասել էր տան՝ լինել-չլինելուն, իսկ այսօր այդ դամոկլյան սուրն այլևս կախված չէ միության գլխին»,-ասաց Երկանյանը:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Երկանյանը կսատարի միության գործող նախագահի թեկնածությունը, վերջինս պատասխանեց, թե՝ այո, իհարկե: «Բացի այդ, ես նաև առաջարկություն ունեմ, որը տարիներ ի վեր եղել է մեր մեծերի ցանկությունը, բայց դժբախտաբար, այն ի կատար չի ածվել: Գյումրիի մասնաճյուղ բացելու հարցն եմ բարձրացնելու՝ ես խոսել եմ նաև Գյումրիի մեր գործընկերներ հետ, ովքեր ցնծությամբ են լսել լուրը: Սա ցույց է տալիս միությունում դրական տեղաշարժերի ծավալը: Միությունը ղեկավարելը բարդ գործ է, և կարծում եմ՝ դժվար է գտնել մի մարդ, ով կհամաձայնվի այդ ծանր աշխատանքն իր ուսերին վերցնել: Բացի այդ՝ մենք միջին սերնդի խնդիր ունենք՝ կամ մեծահասակներիս սերունդն է, կամ երիտասարդների. մենք մեծ ենք, երիտասարդներն՝ անփորձ, թող Սաթյանը 4 տարի էլ պաշտոնավարի, այդ ընթացքում երիտասարդները մի քիչ էլ փորձ ձեռք կբերեն ու գուցե 4 տարի հետո նրանցից մեկն էլ պատասխանատվություն վերցնի ղեկավարել կառույցը»,-ասաց Երկանյանը:
ԿՄ անդամ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի խոսքով նույնպես կոմպոզիտորների միությունում Սաթյանի պաշտոնավարման 4 տարիների ընթացքում բավականին շատ բան է արվել: Չաուշյանի հավաստմամբ՝ առաջին հերթին փոխվել է միությունում տիրող մթնոլորտը, այսինքն՝ միությունում տիրող նախկին մթնոլորտը, որը չէր միավորում, այլ, ընդհակառակը, պառակտում էր բոլորիվ, հիմա չկա: Կարճ ասած, ըստ կոմպոզիտորի, ստեղծագործական մթնոլորտ է միությունում:
«Արտերկրում, որտեղ մինչ այդ շուրջ 20 տարի համերգներ տեղի չէին ունենում, նկատի ունեմ, օրինակ, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում, Վրաստանում, հիմա բավականին ակտիվորեն հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերն են ներկայացվում, համերգներ լինում: Ահագին աշխատանք է տարվել երիտասարդների հետ՝ մրցույթներ, փառատոներ, հանդիպումներ: Օրինակ, Դիլիջանում օգոստոսին հանդիպում կար վրացի և հայ երիտասարդների, այնպես որ՝ շատ բան է արվել: Եթե ասեմ՝ ամեն ինչ արված է՝ իհարկե, ոչ, կան դեռ չավարտված գործեր: Եվ այս տեսանկյունից ճիշտ կլինի, որ Սաթյանը շարունակի պաշտոնավարել ու ավարտին հասցնել այն բոլոր սկզբունքները, որ արդեն սկսել է կիրառել՝ միության գործունեությունը հասցնելով բարձր մակարդակի»,-ասաց Չաուշյանը:
Նրա հավաստմամբ, սակայն, գալիք չորս տարիների ընթացքում պետք է արդեն իսկ երիտասարդները երևան գան, որպեսզի հասկանան՝ ում կարելի է վստահել միության ղեկավարման հարցը: «Այո, մենք միջին սերնդի խնդիր ունենք, այս հարցում մի քիչ տխուր է պատկերը, քանի որ շատ կոմպոզիտորներ տեղափոխվել են օտար երկրներ: Բայց շատ լավ է, որ նրանք այնտեղ ոչ թե զբաղվում են ուրիշ մասնագիտությամբ, այլ հենց երաժշտությամբ: Խնդիր ունեն, բայց սա ոչ միայն միության խնդիրն է, այլ երկրինը»,-ասաց Չաուշյանը:
Կոմպոզիտորների միության անդամները կընտրեն արդյո՞ք նոր նախագահ /եթե, իհարկե, լինեն նման ցանկություն ունեցողներ/, թե՞ կշարունակի պաշտոնավարել Արամ Սաթյանը՝ կիմանանք հոկտեմբերի 29-ին՝ ԿՄ համագումարի օրը: