Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ առաջարկվում է բարձր եկամուտ ունեցողներին` տրամադրել աշխատավարձի ոչ թե 5, այլ 10 տոկոսը, որպեսզի կարողանան հատուցում ապահովել: Դա կամավոր է, և եթե չեն հարմարվում, նորից կարող են վերադառնալ 5 տոկոսի:
Բացի այդ` եթե գործող օրենքում մարդը պետք է հատուկ դիմում գրեր, որ իր տարեկան հաշվետվությունները ստանար, հիմա թափանցիկությունն է մեծացվում` կարող է էլեկտրոնային հասցեով ստանալ իր կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները:
Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը նշեց, որ փոփոխությունները կոչված են օրենքում եղած բացերը կարգավորելուն:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ այս օրենքի կատարման գործառույթները ԿԲ-ին փոխանցելը մեծ վնաս է հասցնում պետությանը, այնինչ` քաղաքական մեծամասնությունը դա չի ընկալում: Պատգամավորը նշեց, որ ամբողջ աշխարհում եղած պրակտիկայում ֆիննախն ու ԿԲ-ն են հավասարազոր` այդ գործառույթները իրականացնելու համար, մինչդեռ Հայաստանում ֆիննախը ասես չի մասնակցում այդ գործընթացին: «Ինչո՞ւ պետք է օրենքի կատարման իրավասությունները պատվիրակել ԿԲ-ին»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը:
Հակոբ Հակոբյանը արձագանքեց, որ եթե ուշադիր ուսումնասիրենք համակարգը, ապա կնկատենք, որ շատ հարցերում թե' ֆիննախը, թե' ԿԲ-ն հավասարազոր իրավասություններ ունեն և շատ որոշումներ համատեղ են իրականացնում: «Ասում եք` ինչո՞ւ ենք տվել Կենտրոնական բանկին, լավ, ո՞ւմ տանք, կասեք՞»,- հարցրեց պատգամավորը:
Հրանտ Բագրատյանը զայրացած նշեց, որ մեր երկրի զարգացմանը խոչընդոտող ամենածանրակշիռ խնդիրներից մեկը Կենտրոնական բանկն է: Պատգամավորի կարծիքով` ԿԲ-ին լայն լիզորություններ տրվեցին դեռ այն ժամանակ, երբ վարչապետ նշանակվեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Եվ հիմա, տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից, 55 տոկոսը ԿԲ-ինն է, իսկ 45 տոկոսը կառավարությանը, ԿԲ-ն որդեգրել է կայունությունը ֆինանսական շուկայում, ինչը բարձրացնում է դոլարի գները:
«Հիմա կառավարությունը քեզ ճղի, բայց դոլարի գները բարձրանում են, և ներդրող չի գա Հայաստան: Ստիպված գնում, Մոսկվայում մի հայ ենք գտնում ու խնդրում. «Կգա՞ս` Հայաստանում մի քիչ ներդրում անես»: Նա էլ ասում է. «Այ մարդ, անգամ ինձ համար անհնարին է ձեր մոտ ներդրում անելը, մի հատ ձեր մակրոտնտեսական միջավայրին նայեք, վերլուծեք»,- ասաց պատգամավորը:
Եվ ահա, ըստ պատգամավորի, ԿԲ ամենամեծ սխալներից մեկն է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Եվ երբ ԵՏՄ պաշտոնյա Տատյանա Վալովայա 15 օր առաջ Հայաստանում հայտարարեց, որ 2025-ին մտնելու ենք ռուբլու գոտի, ապա ի՞նչ է անելու Հայաստանը կուտակային համակարգի հետ: Պատգամավորն իր կարծիքը պնդեց, որ այս օրենքի հետ կապված լիազորությունները ավելի շատ տրված են ԿԲ-ին, որը ինչ ուզում` անում է, մինչդեռ պետք է լիազորություններն ավելի շատ վերապահել ֆինանսների նախարարին:
«ԱՄՆ-ում արդեն չեղյալ են հայտարարում Դոդի ու Ֆրենկի օրենքները, դուք այս ի՞նչ եք անում, այ մարդ, դուք ո՞ր դարում եք մնացել, 90-ականների անպտուղ, ոչ ժամանակակից քաղաքականության գաղափարախոսության տակ եք մնացել: Դուք չեք տանում ժամանակակից ֆինանսական քաղաքականություն, այս տնտեսական ճահճի մեջ մտցրել եք երկիրը: Ի՞նչ եք պատասխանելու Վալովայային»,- դիմելով ԿԲ պաշտոնյային` ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ նման ֆինանսական քաղաքականություն վարելու դեպքում երկրում տնտեսական աճ չի գրանցվի: